ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՆ
00:00, June 30, 2008Հունիսի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը, համանախագահներին ներկայացնելով Հայաստանի մոտեցումները Մադրիդում 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ, շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարների կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծումը եւ բանակցությունների առաջընթացը:
Համանախագահները նախարար Նալբանդյանին տեղեկացրեցին Բաքվում Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների արդյունքների մասին` նշելով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
Նրանք վստահեցրեցին, որ շարունակելու են ջանքերը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=62158