Համաներումը` «արդարադատության բացակայության» խորհրդանիշ
13:16, September 30, 2013 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրուցում նշեց, որ այսօր Սերժ Սարգսյանի կողմից համաներում հայտարարելու մասին առաջարկությունը խոսում է «մեր երկրում արդարադատության համակարգի բացակայության մասին»:
«Այսինքն` անձը ազատության մեջ է հայտնվում ղեկավարի, նախագահի կամ այսպես ասած «արքայի» ներողամտության շնորհիվ եւ ոչ թե երկրում արդարադատության իրականացման արդյունքում»,-ասում է Սաքունցը:
Իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանում մարդուն ազատ արձակելը չի կատարվում արդարացման վճռի հիմքով, գործը կարճելով կամ հոդված փոխելով, այլ ընդամենը նախագահի կամքով:
«Սա նշանակում է, որ մենք արդարադատության համակարգ չունենք: Սակայն այս կերպ իշխանությունները ուզում են ցույց տալ, որ դատական համակարգը ճիշտ է գործել»,-հավելում է Սաքունցը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը:
Ըստ Mediamax-ի ոչ պաշտոնական տեղեկությունների՝ առաջիկայում սպասվող համաներումը կտարածվի նաև ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/saqunc_30092013.html