Հայաստանը մաֆիայի օրենքների գերակայության երկիր է
00:00, December 13, 2010 | Մամլո հաղորդագրություններ«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները ՀՀ-ում չեն գործում:
Դատական իշխանություն, որը պետք է խախտված իրավունքի վերականգնման հիմնական օղակը լինի, որպես այդպիսին՝ չկա: Ճիշտ է, նախօրեին ԱՄՆ կառավարության կողմից երեք հայ դատավորների, որոնք կայացրել են արդարացման վճիռներ, շնորհվեց ազատության պաշտպանի մրցանակ, բայց դրանք ավելի շուտ բացառություններ են, ոչ թե օրինաչափություն, քանզի մրցանակների թիվն արդեն իսկ խոսում է, որ չկա անկախ դատական իշխանություն: Պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործելակերպի հիմքում ընկած է ոչ թե օրենքի պաշտպանությունն ու իրավունքի գերակայության սկզբունքը, այլ որոշումների կայացումը զուտ անձնական կամ խմբակային շահերից ելնելով, և հենց նման մոտեցումն արդեն իսկ հանդիսանում է մարդու իրավունքի խախտման պոտենցիալ ռեսուրսը:
Ցավոք, խախտման վերաբերյալ ահազանգերը որևէ ուշադրության չեն արժանանում, այդ իսկ պատճառով իրավական մեխանիզմները, որոնք պետք է գործեն և ելնեն օրենքի գերակայության սկզբունքից, ունեն իմիտացիոն բնույթ և բերում են մարդու իրավունքների խախտման: Վերջին երեք տարում հետաքրքիր միտում է գրանցվել. եթե մինչ այդ խոսում էինք օրենքների խախտման հետևանքով մարդու իրավունքների ոտնահարման մասին, ապա այսօր այնպիսի օրենքներ են ընդունվում, որոնցով ինքնին, արդեն օրենսդրական մակարդակով, ոտնահարվում են մարդու իրավունքները:
– Հայաստանյան օրենսդիր մարմնի կողմից ընդունված ո՞ր օրենքներն են, Ձեր գնահատմամբ, ոտնահարում մարդու իրավունքները:
– Ամենաակնառուն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքն է, որով, ըստ էության, իրավապահ կամ հետաքննություն իրականացնող մարմիններին թույլատրվում է տեղեկատվություն հավաքել անձանց մասին: Օրենքում միաժամանակ նշվում է, որ անձը իր մասին գոյություն ունեցող օպերատիվ տեղեկատվությունը կարող է պահանջել և ստանալ, եթե նրա նկատմամբ դադարեցված է քրեական հետապնդումը: Ենթադրվում է, որ անձը նախ պետք է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունենա, որ հետո դրա դադարեցումից հետո կարողանա ծանոթանալ իր մասին օպերատիվ տվյալներին: Իսկ եթե անձն այդ իրավական կարգավիճակը չունի, ապա նա զրկված է իր մասին օպերատիվ տվյալներ ստանալու իրավունքից: Ասենք՝ դատարանի կողմից քննչական մարմնին թույլատրվում է խուզարկություն կատարել անձանց բնակարանում, ինչի հիմքը հանդիսանում են օպերատիվ տվյալները, սակայն եթե մարդու նկատմամբ քրեական գործ չհարուցվի և հետո կարճվի, ապա նա այդպես էլ հնարավորություն չի ունենա ծանոթանալ օպերատիվ ինֆորմացիային: Այսինքն՝ քննչական մարմինը բոլոր անձանց բնակարանները խուզարկելու անսահմանափակ հնարավորություն ունի:
Մյուսը «Զրպարտության և վիրավորանքի մասին» օրենքի փոփոխությունն է: Իհարկե, օրենքն ապաքրեականացվեց, սակայն գումարի չափն այնքան բարձրացվեց, որ եթե դա կիրառվի,- իսկ մեր դատական իշխանության պայմաններում չկիրառելու հավանականությունը շատ քիչ է,- ապա լրատվամիջոցները կտուժեն։ ԶԼՄ-ի վրա ճնշելու միջոց է սա:
Կամ կառավարության կողմից այս տարվա օգոստոսի 5-ին ընդունված որոշումը, որի հիման վրա արդարադատության նախարարության կառուցվածքային ստորոբաժանում է ստեղծվում` իրավաբանական անձանց գործունեության վերահսկողությունը իրավական ակտերին նրանց գործունեության համապատասխանության առումով: Դա «մոնստր» կառույց է, որին տրված է մեխանիզմ ցանկացած Հ/Կ-ի կամ հիմնադրամի գործունեության ստուգման միջոցով տասներորդական ինչ-որ փաստաթղթի բացակայության դեպքում դիմել դատարան և կասեցնել վերջինիս գործունեությունը: Այսինքն՝ ուզում են մեր երկրում գոյություն ունեցող ազատության այս կղզյակներն էլ օրենքի ուժով վերցնել հսկողության տակ:
Այս օրենքների ամբողջությունը խոսում է այն մասին, որ քաղաքականության էությունն ուղղված է ոչ թե արգելքների նվազեցմանը, այլ ազատությունների սահմանափակմանը:
– Հայաստանում շատ են դեպքերը, երբ ոտնահարվում է մարդու տեղեկատվության ազատության իրավունքը, և պատճառաբանությունները կամ բացակայում են, կամ էլ անհիմն են: Պարոն Սաքունց, արդյոք այս երևույթը ևս մարդու հիմնարար իրավունքների խախտում չէ՞:
– Մեզանում ցավոտ թեմա է այն հանգամանքը, որ պաշտպանական համակարգերում մատչելի, բաց տեղեկությունների և ծառայողական ու պետական գաղտնիքի սահմանները հստակ չեն: Այդ ոլորտներում հնարավորություն չկա ինֆորմացիա ձեռք բերելու` ամբողջը գաղտնի է, ինչը չի համապատասխանում ժողովրդավարական, իրավական պետության կոնցեպցիային: Ես՝ որպես հարկատու, այդ կառույցների գործունեության վերահսկողության համար որևէ մեխանիզմ չունեմ, իսկ հենց որ սկսես տվյալներ գտնել, քեզ լրտես կհամարեն: Սա գույների խտացում չէ, այլ իրական փաստերի հիմամբ եզրակացություն: Իրապես, այս համակարգը ուղղված է հենց մարդու իրավունքների խախտմանը, ուղղված է ոչ թե մարդու խախտված իրավունքների վերականգմանը, այլ մշտապես խախտման վիճակի մեջ պահելուն:
– Այդ դեպքում ինչի՞ համար է պետք ունենալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Ձեր գնահատմամբ, այսօր ինչքանո՞վ է արդյունավետ գործում ՀՀ ՄԻՊ գրասենյակը:
– Նման ինստիտուտ ունենալը դեռ չի նշանակում, որ կա ցանկություն և կամք, որպեսզի այդ ինստիտուտը լիարժեք գործի: 2008 թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը բավականին ադեկվատ էր և մեծ քննադատության արժանացավ գլխավոր դատախազի ու իշխանական տարբեր մարմինների կողմից, սակայն մինչ օրս այդ զեկույցում բարձրացված հարցերն իրենց պատասխանները չեն ստացել: Թվում է, թե հենց մարդու իրավունքների պաշտպանը իր արտահերթ զեկույցի տերը չէ։ Նա պետք է մշտապես պահանջատեր լիներ, որպեսզի իր արծարծած հարցերը պատասխաններ ստանային: Զարմանալի էր նաև զինված ուժերում մահացության դեպքերին պաշտպանի ոչ համարժեք վերաբերմունքը. ոչ միայն պետք է զեկույց հրապարակվի, այլև պարբերաբար պետք է լինեն քննարկումներ ու պատասխանների ստացման ձգտում: Պահանջկոտությունն ու հետևողականությունը բացակայում է, ինչն էլ նպաստում է ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ վստահության նվազմանը: Իհարկե, կիսաճշմարտություն է, որ իշխանությունների կամքից է կախված ՄԻՊ ինստիտուտի արդյունավետ գործունեությունը, սակայն ՄԻՊ-ը պետք է հետևողական լինի, որպեսզի հասնի իշխանությունների կողմից ժողովրդի համար նպաստավոր որոշումների ընդունմանը:
– Պարոն Սաքունց, ի՞նչ պայմաններ պետք է լինեն, ի՞նչ ժամանակներ պետք է գան, որպեսզի մենք կարողանանք ասել, որ հայ քաղաքացու իրավունքներն իր երկրում ապահովված են:
– Իդեալական առումով չկա այնպիսի վիճակ, որ մարդու իրավունքները չխախտվեն, սակայն պետք է հասնենք այն վիճակին, երբ կգործեն խախտված իրավունքների վերականգնման մեխանիզմները: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է օրինական իշխանություն, իշխանությունը պետք է ձևավորվի ազատ և արդար ընտրությունների հիման վրա, քանզի միայն ժողովրդի առջև հաշվետու իշխանությունն է պարտավոր կատարելու այնպիսի քայլեր, որոնք չվնասեն այդ ժողովրդին: Օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն. եթե որևէ մեկը խախտում կամ չարաշահում է կատարում, ապա, անկախ ազգությունից, անկախ մաշկի գույնից կամ իշխանությունների հետ բարեկամական կապից, պետք է պատասխանատվության ենթարկվի: Կարևոր պայման է մրցակցությունը բոլոր ոլորտներում։ Եթե դա չկա, ապա չեն գործում պաշտպանության մեխանիզմները: Սեփականության անձեռնմխելիության իրավունքի պաշտպանվածությունը ևս շատ կարևոր է: Այսօր Հայաստանում մարդու կյանքը կարող են խլել և դրա համար պատասխանատվություն չկրել: Այսօր մարդուն նույնիսկ զրկում են իր տնից` հանրային գերակա շահը և նեղ խմբակային շահը նույնականացվել են: Մարդու իրավունքների պաշտպանվածության համար չափազանց կարևոր է նաև լրատվամիջոցների ազատությունը:
Առանց այն էլ անազատ հեռուստաընկերություններին թվայնացման պրոցեսով այս իշխանությունները էլ ավելի են գցում իրենց վերահսկողության տակ: Եթե այսպես շարունակվի, հերթը հասնելու է տպագիր լրատվական միջոցներին։ Իսկ դա կլինի այն դեպքում, երբ այս իշխանությունները միջազգային հանրությունից երաշխիքներ ստանան, որ իրենց ապօրինությունները անընդհատ կհանդուրժվեն:
– Իսկ կան այդ ռեսուրսները, որոնցով այս իշխանությունները կկարողանան գնել միջազգային հանրության հանդուրժողականությունը:
– Իմ գնահատմամբ, այսօրվա ռեժիմը չունի ո՛չ լուրջ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական ռեսուրսներ իր ամբողջատիրությունը վերջնականացնելու և Հայաստանը վերջնականապես մեռցնելու համար: Այս իշխանությունները սպառել են իրենց. ազդեցությունների բաժանման ոլորտում տեղի է ունենում պայքար, որն էլ արտահայտվում է գզվռտոցներով, ինչպիսիք են վերջին հրաժարականները: Ինչո՞ւ, արդարադատության նախարարը առաջին անգա՞մ էր խախտումներ անում, կամ առաջին անգա՞մ էր պաշտոնյան մարդ ծեծում, որ Չոռնի Գագոյին դրա համար պաշտոնից հեռացնում են: Իսկ ինչո՞ւ Էջմիածնի քաղաքապետին չեն հեռացնում պաշտոնից. որովհետև այնտեղ դեռևս ազդեցության ոլորտը բաժանելի չէ: Հայաստանում ոչ թե օրենքի գերակայության սկզբունքն է գործում, այլ մաֆիայի օրենքները` այս իշխանությունները գործում են քրեական աշխարհի կանոններով, և գզվռտոցները դեռ շարունակվելու են:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/