Հայաստանի Հանրապետությունը սպանեց Հայկ Մովսիսյանին
15:39, December 27, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանում, ըստ քննչական մարմինների, կախվելու միջոցով ինքնասպան եղած Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների պարզման ուղղությամբ բոլոր իրավական ճանապարհները փակվեցին:
Այդպես էլ քննչական մարմինները չճանաչեցին Հայկ Մովսիսյանի մորը` Հեղինե Պետրոսյանին, որպես տուժողի իրավահաջորդ և զրկեցին որդու մահվան հանգամանքների պարզման նպատակով քննչական գործողություններում մասնակցելու հնարավորությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախագահությամբ Դ.Ավետիսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի, Հ. Ասատրյանի, Ս. Ավետիսյանի, Ա. Պողոսյանի 2013 թ. հոկտեմբերի 18-ին որոշեց Հայկ Մովսիսյանի նկատմամբ ապօրինի «քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել նրա մահվան կապակցությամբ», իսկ 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Հայկ Մովսիսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության ուղղությամբ հարուցված քրեական գործը կարճեց` այդպես էլ չճանաչելով նրա մորը որպես տուժողի իրավահաջորդ:
Հանձինս ՀՀ գլխավոր դատախազ (նախկին զինդատախազ) Գ. Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ վճռաբեկ դատարանը`
- դրսևորեցին ակնհայտ ապօրինի վարքագիծ, ընդունեցին ապօրինի որոշումներ, որոնց նպատակն էր կոծկել Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքները,
- չճանաչեցին Հայկ Մովսիսյանին որպես տուժող` զրկելով նրա մորը որպես տուժողի իրավահաջորդ ճանաչվելու և որդու իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:
Գտնում ենք` քանի դեռ պարզված չեն Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքները, հիմնավոր ենք համարում նրա սպանության վարկածը, որի ուղղությամբ քննություն չիրականացնելու ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իրավական և դատական ինստիտուտները:
Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների անպատասխանատու գործելակերպը, որը հանդիսանում է «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի սկզբունքների կոպիտ խախտում:
27 դեկտեմբեր, 2013 թ.
Վանաձոր