Հայաստանի ՀԿ-ներին խնդրել են գաղտնի պահել ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման մանրամասները
00:00, July 5, 2010Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մոտ 7 րոպե տեւած իր ելույթում չի անդրադարձել մարտի 1-ին, քաղբանտարկյալներին, Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների վիճակին։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանդիպմանը մասնակցած՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը հավաստիացրեց, որ Հիլարի Քլինթոնն իր ելույթում անդրադարձել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններին եւ հեռուստատեսության թվայնացման խնդրին, ինչպես նաեւ ընդհանուր գծերով անդրադարձել է ժողովրդավարության հետ կապված խնդիրներին։ Այս փաստը խիստ մտահոգել է Արթուր Սաքունցին, ով այսպես արձագանքեց Քլինթոնի ելույթին. «Հեռուստատեսության թվայնացման, բազմակարծության խնդիրն իհարկե շատ կարեւոր է, սակայն Մարտի 1-ին, քաղբանտարկյալների խնդրին հրապարակային չանդրադառնալը ինձ համար անակնկալ էր։ Թեեւ ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, եւ ԱՄՆ դեսպանատունն էլ այս ամենում շատ մեծ դեր ունի, սակայն պետքարտուղարի շուրթերից պետք է անպայման հնչեին մտահոգություններ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ոչ պատշաճ հետաքննության անցկացման, 10 խաղաղ ցուցարարների սպանության մահվան հանգամանքների բացահայտման, քաղբանտարկյալների վերաբերյալ»։ Այն, որ ԱՄՆ պետքարտուղարն անտեսել է նման կարեւոր հարցեր, ըստ իրավապաշտպանի, «լուրջ մտահոգությունների ու հետեւությունների տեղիք է տալիս։
Ի դեպ, ըստ հանդիպմանը ներկա հ/կ-ների ներկայացուցիչների, Հիլարի Քլինթոնի ելույթից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հրահանգով հանդիպումը նկարահանող տեսախցիկները դուրս են բերել սրահից եւ հանդիպումն այնուհետ անցել է փակ ֆորմատով։ Բացի այդ, հ/կ-ների ներկայացուցիչների հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ գաղտնի պահել, թե նրանցից որն ինչ թեմայի ու խնդրի մասին է բարձրաձայնել Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ։
Աղբյուրը՝ http://www.news.am/arm/news/24183.html