Հայաստանում մեկնարկել է հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրականացման երկրորդ փուլը
00:00, July 3, 2008 | Կոռուպցիայի կանխարգելումՀուլիսի 2-ին Երևանում կայացավ առաջին հակակոռուպցիոն համաժողովը: Այն կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶ Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագրի (MAAC), ՄԱԶԾ-ի կողմից և շարունակական բնույթ է կրելու:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, արդեն իրականացված ծրագրերն ու նախատեսվելիքները:
Դեռևս 2005թ-ից ՀՀ-ն հանդիսանում է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) անդամ, որի շրջանակներում էլ իրականացվել է հակակոռուպցիոն առաջին ռազմավարությունը: Ռազմավարության իրականացումից հետո Հայաստանում իրականացվել է գնահատում, ռազմավարության վերաբերյալ տրվել են 24 առաջարկություններ: GRECO-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ 24 առաջարկություններից Հայաստանին մնում է իրականացնել 3-ը՝ կրճատել օրենքով սահմանված անձնական անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակը, կրճատել մի շարջ պաշտոնների պաշտոնավարման ժամկետները և օրենքով պատասխանատվություն սահմանել նաև իրավաբանական անձանց համար: Այնուամենայնիվ, խնդիր է, թե ինչու ՀՀ-ում վերջին տարիներին կոռուպցիայի ծավալը աճել է, ոչ թե նվազել, ինչի մասին վկայում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության ուսումնասիրությունները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշում է. «Մենք կոռուպցիայի դեմ պայքարի դեմ պայքարում ենք ոչ թե այն պատճառով, որ միջազգային պարտավորություններ ենք ստանձնել, այլ որովհետև ուզում ենք արմատախիլ անել այդ չարիքը մեր հասարակությունից»:
Կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ ռազմավարությունն իրականացվելու է նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
2008թ. օգոստոսի 1-ից հասարակական կազմակերպությունների մի կոալիցիայի կողմից, որի կազմի մեջ են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը, իրականացվելու է «Հակակոռուպցիոն աջակցության կենտրոններ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ձևավորվելու են հակակոռուպցիոն 3 կենտրոններ՝ Երևանում, յումրիում և Վանաձորում: Վանաձորում ձևավորված կենտրոնները ներկայացուցչություններ են ունենալու նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում՝ Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի և Սպիտակ:
Ծրագրի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները կհրապարկվեն ավելի ուշ՝ ծրագրի մեկնարկին զուգահեռ: