Հայկազ Բաղմանյանն ի՞նչ է արել այսքան ժամանակ
07:49, June 14, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԶինված ուժերում կադրային վերջին վերադասավորումների շուրջ զրուցել ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ
Օրերս Սերժ Սարգսյանի հրամանով ԶՈւ վերադասավորումներ կատարվեցին, մասնավորապես ՀՀ կոմիսար նշանակվեց Հենրիկ Մուրադյանը, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զինվորական ծառայությունը երկարաձգվեց ևս հինգ տարով և այլն: Ենթադրվո՞ւմ է, որ ֆորմալ փոփոխությունների հետ գործ ունենք:
Վերադասավորումները ցույց են տալիս, որ ոչ մի տրամաբանություն, ոչ մի հիմնավորում, ոչ մի նպատակ չկա դրված դրանց հիմքում, ինչը ենթադրում է, որ իրավիճակի փոփոխություն չի լինի, ուղղակի իրենք իրենցով զբաղվում են: Օրինակ` Հայկազ Բաղմանյանն ի՞նչ է արել այսքան ժամանակ, որ հիմա հինգ տարով կարևորում են նրա պաշտոնավարման ժամկետը, կամ հանրապետության զինկոմը: Մենք ընդհանրապես այն կարծիքին ենք, որ զինկոմիսարիատները պետք է հանվեն պաշտպանական գերատեսչության ենթակայությունից, և պետք է լինի պետական քաղաքացիական գործակալություն, որը կկատարի բանակի պատվերը թվաքանակով ապահովելու հարցում: Քաղաքացիական վերահսկողության իրականացումն էլ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրմամբ պետք է լինի: Այլապես, Չալյանի փոխարեն Մարտիկյանը, հետո նրա փոխարեն Քոչունցը, որևէ խնդիր չի լուծելու. մենք շարունակելու ենք ունենալ զորակոչի հետ կապված խնդիրներ, հիմա էլ ունենք դժգոհություններ, որևէ իմաստ չեմ տեսնում այս վերադասավորումների մեջ, առավել ևս` որևէ հիմնավորում չեն ներկայացնում հանրությանը:
Այս տարվա զորակոչն արդեն մեկնարկեց, ի՞նչ խնդիրներ եք արձանագրել այս զորակոչի ընթացքում:
Գարնանային զորակոչի ընթացքում փոխվում է պաշտպանության նախարարի հրամանը: Զորակոչի կեսը մի հրամանով են կազմակերպում, երկրորդ կեսը` մեկ այլ հրամանով, ընդ որում` պետք է ասել, թե բովանդակության մեջ որն է բուն իմաստը. «Պիտանի է ոչ շարային ծառայության» հասկացողությունը հանվում է, փոխարենը մտնում է «պիտանի է ծառայության սահմանափակումներով»: Ի՞նչ է իրենից ներկայացնում սահմանափակումներով ծառայությունը, ի՞նչ նորմատիվ փաստաթղթով է որոշվում, պարզ չէ: Հիվանդությունների ցանկում փոփոխություններ են կատարվում, բայց ի՞նչ հիմքով, պարզ չէ: Այսինքն` այս ընթացքում խաղի ընթացքում խաղի կանոններն են փոխվում: Զորակոչի 175 հրամանը, որով սահմանվում է ռազմաբժշկական հանձնաժողովների գործունեության կարգը, հաստատվում է հիվանդությունների ցանկը, պետք է սահմանվի օրենքով, որովհետև դա ուղղղակիորեն առնչվում է մարդու իրավունքի խնդրին: Հիմա կարող է հաջորդ զորակոչի ժամանակ մեկ այլ հրաման լինի` ելնելով նրանից, որ ոչ թե իրավունքի տեսակետից են իրավական ակտերն ընդունվում, այլ համակարգի կարիքների բավարարման տեսակետից: Այդ կարիքների հիմքում չկա հարգանքը մարդու, նրա արժանապատվության նկատմամբ, իրավունքի պաշտպանության ապահովման տեսակետից: Այսինքն` համակարգը չի փոխվել և չի փոխվում, և համակարգը իր որևէ գործողությամբ ցույց չի տալիս, որ կամք կամ ցանկություն ունի փոխվելու:
Այսպես կոչված միջնորդ-բինգոների հարցը բարձրացրեց նաև պաշտպանության նախարարությունը: Ավելին` ՊՆ-ից երկու հոգու արդեն պատասխանատվության կենթարկեն: Այս արատավոր երևույթի դեմ պայքարում արմատական փոփոխությունների հնարավո՞ր է հասնել:
Առանձին բնակավայրերից, օրինակ` հիմա Գորիսից ունենք բողոքներ, որ տարկետման տրամադրման դեպքերում կան սուբյեկտիվ մոտեցումներ: Եթե իրենք իրապես շահագրգռված են, թող ում տարկետում են տվել, վերստին, կրկնակի բժշկական փորձաքննություն իրականացնեն` տեսնելու` արդյոք համապատասխանում է իրականությանը, թե ոչ, որովհետև կա ահազանգ կամ մտահոգություն, որ առողջ մարդուն ճանաչում են ոչ պիտանի ծառայությանը, որոշակի շահագրգռվածության պարագայում: Մեր նման երկրում օրենքն ամբողջ խստությամբ կիրառում են ոչ իրենց հովանավորյալ անձանց նկատմամբ, իսկ իրենց հովանավորյալ կամ շահագրգռված անձանց նկատմամբ օրենքը շատ մեղմ է կիրառվում կամ չի կիրառվում: Այսինքն` ընտրողական մոտեցումը մեր կասկածները չի փարատում:
Զինված ուժերում գուցե սերնդափոխությա՞ն խնդիր կա:
Ընդհանրապես, ԶՈՒ համակարգն արմատապես պետք է փոխվի: Զինված ուժերի ձևավորումը, զինծառայության կազմակերպումն ամբողջութամբ դրված է ավտորիտար սկզբունքների վրա, այն դրված է միայն համալրման վրա, այս առումով արմատապես փոփոխություն պետք է կատարվի: Ես մշտապես առիթ եմ ունեցել ասելու, որ Զինված ուժերը պետք է լինեն պրոֆեսիոնալ: Պետությունը պետք է ծրագիր ունենա. դեռ 2000 թվականից այդ ծրագիրը պետք է մշակեր մինչև 2006 թ. պրոֆեսիոնալ բանակ ունենալու, քանի որ 2006-ին գալիս էր 88-ից հետո ծնվածներին զորակոչելու ժամանակը, և անխուսափելի էր, որ պետք է թվաքանակի խնդիր ունենայինք: 2000-ից հինգ տարին բավական կլիներ պրոֆոսիոնալ բանակին անցում կատարելու համար, բայց դրա համար պետք էր ծրագիր, որի հիմքում զինվորի արժանապատվության պահպանումը պետք է լիներ: Կրթական համակարգը պետք է արմատապես փոխվի. տեսեք ինչքան գեներալ ունենք: Զինված ուժերի ծառայության հիմքում ընկած է նաև խրախուսումը, առաջախաղացումը, այն ըստ ոլորտների պետք է վերահսկելի լինի. ինչքան անվերահսկելի է լինում, այնքան վատ: Պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է նաև վերահսկողության, թափանցիկության մեծ աստիճան:
Համակարգի բովանադակությունը պայմանավորված է այդ համակարգը ձևավորողների մտածողությամբ և մոտեցումներով: Պաշտպանական քաղաքականությամբ զբաղվողների մենթալիտետի խնդիրն է առաջ գալիս, ինչն ուղղակիորեն կապված է քաղաքական համակարգի էությանը: Քաղաքական ուժն իր բովանդակությամբ ձեւավորում է քաղաքականություն, որի հիմքում մարդը չի ընկած, այլ սպառումը, որի դրսևորումը հենց արտագաղթն է: Զինված ուժերն այդ քաղաքականության արտահայտություններից մեկն է, որը խաղաղ պայմաններում դրսեւորվում է մահացությունների, ոչ կանոնադրական հարաբերությունների, խեղումների ձեւով, հանրության մեջ դա արտահայտվում է արտագաղթով:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/84190