Հայտարարություն Արման Ենգիբարյանի սպանության վերաբերյալ
00:00, June 23, 2011 | Հայտարարություններ | Կյանքի իրավունք | Ոստիկանություն2011 թվականի հունիսի 14-ին Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանության աշխատակիցների կողմից, ըստ պաշտոնական վարկածի, իբր Արման Ենգիբարյանին` որպես հանցագործություն կատարած անձի վնասազերծման հետ կապված լրատվական միջոցներով տարածվող պաշտոնական տեսակետների, մասնավորապես` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից տրվող մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք`
1. Արման Ենգիբարյանին իբր վնասազերծման ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից արձակվել է ոչ թե մեկ, այլ երկու կրակոց,
2. նախաքննությամբ դեռեւս պարզված չէ` արդյոք Արման Ենգիբարյանը հունիսի 14-ին որևէ բնակարան մուտք գործելու փորձ է կատարել, թե ոչ,
3. պարզաբանված չէ, թե որն է եղել իրական պատճառը, որ Արման Ենգիբարյանը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջին, և եղել է արդյոք ոստիկանության աշխատակիցների և Արման Ենգիբարյանի միջև վիճաբանություն, որոնց հետևանքով Արման Ենգիբարյանը փորձել է խուսափել ոստիկանության աշխատակիցների հետ անմիջական շփումից` փախուստի դիմելու միջոցով,
4. Արման Ենգիբարյանի կողմից գազային ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակոցներն արդյոք իրական վտանգ են ներկայացրել իրեն հետապնդող ոստիկանների կյանքի համար:
Այս և նման այլ հարցեր, չունենալով պարզաբանում, որոնք պետք է ստացվեն միայն նախաքննության արդյունքում, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում է. «Էս պահին ես ուղղակի հայտարարում եմ. բացառվում է, որ սխալ մարդու են սպանել, որովհետև բոլոր տուժողները ցուցմունք են տալիս, որովհետև դեպքի վայրերից ունենք և մատնահետքեր, և այլն, և այլն…»:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ hատուկ քննչական ծառայության կողմից մինչ օրս չի հարուցվել քրեական գործ Արման Ենգիբարյանի մահվան փաստի կապակցությամբ, այլ հարուցվել է քրեական գործ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 35-175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (նախապատրաստություն, ավազակային հարձակում), 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 107 հոդվածով (հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը):
Հերթական անգամ, ինչպես Լևոն Ղուլյանի և Վահան Խալաֆյանի սպանությունից հետո, ոստիկանապետը, խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, նաև մինչ նախաքննության ավարտը, հայտնելով կարծիք, ապակողմնորոշում է հանրությանը և ուղղակիորեն փորձում է ազդել նախաքննության ընթացքի վրա` կանխորոշելով վերջինիս արդյունքները:
Ելնելով վերը շարադրվածից պահանջում ենք.
1. ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անհապաղ հրաժարականը
2. ՀՀ hատուկ քննչական ծառայությանն անհապաղ հարուցել քրեական գործ Արման Ենգիբարյանին կյանքից անօրինական զրկած ոստիկանների նկատմամբ:
23 հունիսի, 2011թ.
Վանաձոր