Հայտարարություն թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ
17:05, June 26, 2012 | Հայտարարություններ | Պացիենտների իրավունքներ | Թմրամիջոցներ գործածողներՀունիսի 26-ը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հռչակվել է 1988 թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, կարևորելով թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանությունը, մշտական ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ իշխանությունների կողմից վավերացված «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից վերցված պարտավորությունների կատարման ընթացքը:
ՀՀ նախագահի 2009 թ. սեպտեմբերի 25-ի ՆԿ-162-Ն կարգադրությամբ հաստատված «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում նախատեսված 87 միջոցառումներից միայն 12-ն է վերաբերում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ցուցաբերվող բժշկական ծառայությունների բարելավմանը: Եվս 42 միջոցառում առնչվում են թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ բնակչության, այդ թվում` ազատազրկված անձանց և զինծառայողների իրազեկվածության բարձրացմանը, խորհրդատվության տրամադրմանը, տեղեկատվական և կրթական նյութերի տարածմանը, թմրամոլության տարածվածության ու հետազոտական աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական առաջարկությունների մշակմանը:
Կազմակերպության կողմից 2010-2011 թթ. ընթացքում ուսումնասիրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 142 քրեական գործ, որոնց շրջանակներում 218 անձանց նկատմամբ մեղադրանքներն առաջադրվել են.
- 56 անձի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հիմքով` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը
- 129 անձի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի հիմքով` թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի
- 32 անձի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների համակցությամբ:
Դիտարկված քրեական գործերով դատական մարմիններն անդրադարձել են միայն 8 անձանց առողջական խնդիրներին` պատժի հետ մեկտեղ նրանց նկատմամբ նշանակելով հարկադիր բուժում թմրամոլությունից:
Ելնելով դիտարկված գործերի ուսումնասիրությունից` կազմակերպությունը գտնում է, որ չնայած 2008 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածով սահմանված թմրամիջոցների ապօրինի գործածման ապաքրեականացմանը, շարունակվում է թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ քրեական գործերի հարուցման պրակտիկան: Այսինքն` ՀՀ իշխանությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում շարունակում են թմրամիջոցներից կախում ունեցող անձանց նկատմամբ պայքարի պրակտիկան:
Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է`
- Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամբողջությամբ չեն իրականացնում «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված պարտավորությունները
- անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում Կոնվենցիայով սահմանված թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժման, կրթության և սոցիալական ինտեգրման խնդիրներին /կոնվենցիայի 3-րդ հոդվածի b), c), d) կետեր/:
26.06.2012 թ.
Վանաձոր