Հայտարարություն ի պաշտպանություն Հովհաննես Իշխանյանի
10:44, April 24, 2012 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր, ՈստիկանությունՄենք, ներքոստորագրյալներս, պահանջում ենք ՀՀ Դատախազությունից, Ոստիկանությունից և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունից անհապաղ դադարեցնել հալածանքները և քրեական գործ հարուցելու նախապատրաստությունը Հովհաննես Իշխանյանի նկատմամբ:
Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» պատմվածքների գրքույքի համար փետրվարի 27-ին կանչել են Ռազմական ոստիկանություն գրքում իրականություն փնտրելու պատճառաբանությամբ, ապա հարցաքննել: Որևէ մեղադրանք չկարողանալով կպցնել Ռազմական ոստիկանությունը փորձել է քրեական գործ հարուցել քր. օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» համար:
Ստեղծված իրավիճակը կարելի է միանշանակորեն բնութագրել, որպես իշխանությունների կողմից ճնշումներ ստեղծագործական գործունեության դեմ, որը ոչ միայն խոսքի և արտահայտվելու ազատության հերթական ոտնահարումն է, այլև Հայաստանի պատմության 20 տարիների ընթացքում աննախադեպ երևույթ, երբ ուժային կառույցները գեղարվեստական գրքի համար հեղինակին պատասխանատվության են կանչում:
Իշխանությունների գործողություններին զուգահեռ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր են նետվում 1937 թվականների ձեռագրով, անհայտ «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն» խմբի անունից անստորագիր հայտարարություններ, ուր կոչ է արվում չհանդուրժել հեղինակին:
Հրատարակված ստեղծագործության շուրջ իրավիճակը բացահայտում է նաև, որ ուժային կառույցներում աշխատում են պաշտոնյաներ, որոնք չեն ընկալում գեղարվեստական գործի առանձնահատկությունները, և, որ ամենացավալին է` այնտեղ իշխում է գրաքննության ոգին, որից թվում էր թե Հայաստանը ազատվել է անկախություն հռչակելով:
Մեկ անգամ ևս, դատապարտում ենք հալածանքները Հովհաննես Իշխանյանի դեմ և պահանջում անհապաղ դադարեցնել քրեական գործ նախապատրաստելու գործողությունները իր նկատմամբ:
Ստորագրություններ`
1. «Ասպարեզ» Լրագրողական ակումբ
2. Երևանի մամուլի ակումբ
3. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
4. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
5. Իրավունքի գերակայություն
6. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
7. Համագործակցության հանուն ժողովրդավարության
8. Հայաստանի հելսինկյան կոմիտե