Հայտարարություն ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի
00:00, January 26, 2010 | Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունք2010 թ. հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի վճռով “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման:
Ողջ դատաքննության ընթացքում որևէ հիմնավորում չներկայացվեց նրա կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու առումով: Ավելին, Փաշինյանի նկատմամբ առաջադրված էր նույն բովանդակությամբ մեղադրական եզրակացությունը, որը նախկինում առաջադրվել էր ընդդիմության ներկայացուցիչ յոթ քաղկալանավորներին, և որի հիման վրա վեցի նկատմամբ կայացվել էր ավելի պակաս ժամկետ նախատեսող ազատազրկում, ինչի հետևանքով նրանք համաներմամբ հայտնվել են ազատության մեջ:
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատարանի վճիռը ոչ թե իրավական որոշում է, այլ քաղաքական հետապնդման անթաքույց ակտ: Կայացվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, ինչը քրեորեն պատժելի արարք է:
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել արդար դատավարություն` չբարդելով 2008թ. մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների պատասխանատվությունը ընդդիմության վրա` ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քաղբանտարկյալների:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող քաղաքական և ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը և ազատ արձակել նրան:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
Երիտասարդություն հանուն ժողովրդավարության
Իրավունքի և ազատության կենտրոն
Փաստաբաններ մարդու իրավունքների համար
Հույս
Զարթոնք 89
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
Մենք+
Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբ
Էկոդար
“Համագործակցությունհանունժողովրդավարության”կենտրոն