Հայտարարություն տրանսպորտի եւ կապի նախարարին եւ Լոռու մարզպետին
00:00, April 28, 2011 | Հայտարարություններ | Տեղաշարժի ազատություն2011 թ. ապրիլի 28-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է ուղարկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մ.Վարդանյանին, պատճենը՝ Լոռու մարզպետ Ա. Քոչարյանին, Լոռու մարզից Երևան ուղեւորափոխադրումը դադարեցնելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ այսօր՝ առավոտյան ժամը 08:00-12:30-ի սահմաններում, Վանաձոր-Երևան ուղևորափոխադրումները դադարեցված են եղել: Ուղևորափոխադրումներ չեն իրականացվել նաև Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ և Տաշիր քաղաքներում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ուղևորափոխադրումներ չիրականացնելու վերաբերյալ նախապես որևէ հայտարարություն չի տարածվել, եւ չկան հիմնավորումներ, թե ինչու է դադարեցված ուղևորափոխադրումը:
Նշված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ ուղևորափոխադրումները կանոնավոր կերպով կազմակերպելու համար պատասխանատու անձինք ոչ միայն խախտել են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, այլև դրսևորել են անգործություն խախտումները կանխարգելելու ուղղությամբ:
Ելնելով վերոգրյալից` ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է դադարեցնել Վանաձոր-Երևան, Ալավերդի-Երևան, Ստեփանավան-Երևան, Սպիտակ-Երևան, Տաշիր-Երևան երթուղիները սպասարկող կազմակերպությունների լիազորությունները:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից դիտարկումների եւ մամուլի կողմից տարածված տեղեկությունների, դեպի Երևան ուղևորափոխադրումները դադարեցվել են այն բոլոր օրերին, երբ ՀՀ ազգային կոնգրեսը Երևանում կազմակերպել է հանրահավաք:
Կից ներկայացվում է հայտարարությունը: