ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08:05, December 4, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | ՈստիկանությունԵրևան, 4 դեկտեմբերի, 2013թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում իրենց իրավունքներն ու ազատություններն իրացնող անձանց հանդեպ ՀՀ ոստիկանության ձեռնարկած հակաօրինական գործողությունները: Պահանջում ենք վերջ տալ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնություններին ու քաղաքական հետապնդումներին և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ կատարած ոստիկաններին:
2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան ժամանելու առիթով, իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ արտահայտելու Հայաստանի քաղաքացիների՝ Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա և չհիմնավորված որոշման դեմ բողոքը և պաշտպանելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ինքիշխանության սկզբունքը: Այս միջոցառումների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ոտնահարվել են քաղաքացիների ազատ տեղաշարժի, արտահայտման ազատության ու խաղաղ հավաքների իրավունքները: Հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, բռնի ուժով և առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Դրան զուգահեռ, ՀՀ իշխանությունները ստիպել են հարյուրավոր քաղաքացիների, իրենց կամքին հակառակ, աշխատանքային ժամին լքել աշխատատեղերը և մասնակցել Վ.Պուտինի ընդունելության շրջանակում կազմակերպված տարաբնույթ միջոցառումներին:
Քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները սկսվել են դեռևս վաղ առավոտյան, երբ նրանք փորձել են բողոքի պաստառներ տեղադրել քաղաքի տարբեր վայրերում: Ոստիկանները հետապնդել են որոշ քաղաքացիների՝ բերման ենթարկելու նպատակով այցելելով նրանց բնակարաններ: Կեսօրից հետո խոչընդոտվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպված և պատշաճ տեղեկացված շտապ խաղաղ հավաք-երթը: Ոստիկանությունը տարբեր մեթոդներով սահմանափակել է քաղաքացիների տեղաշարժը, վնասել ցուցարարների պաստառները, հրահրել բախումներ, կիրառել սպառնալիքներ ու ֆիզիկական ճնշումներ և ցուցարարներին առանց օրինական հիմքի, բռնությամբ բերման ենթարկել ոստիկանության բաժանմունքներ: Ակտիվիստների «որսն» առավել մեծ թափ է ստացել երթի ավարտից հետո և մի քանի ժամ շարունակ ոստիկանները քաղաքի տարբեր հատվածներում հետապնդել և բերման են ենթարկել քաղաքացիների՝ նրանց պահելով ազատազրկման մեջ ավելի երկար, քան թույլատրելի է ՀՀ օրենսդրությամբ:
Ոստիկանության բաժանմունքներում խոչընդոտվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավորների, փաստաբանների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը և հանդիպումը ազատազրկվածների հետ: Իսկ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են բերման ենթարկված քաղաքացիների անհատական տվյալները՝ խախտելով նրանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը՝ սպառնալով նրանց անվտանգությանը և խոչընդոտելով նրանց նկատմամբ պատշաճ վարչական վարույթի իրականացումը:
Հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության «անվտանգության» միջոցառումները և նրանց կողմից բերման ենթարկված քաղաքացիների քանակի հարաբերակցությունը հավաքի մասնակիցների թվին աննախադեպ էր: Վ.Պուտինի այցելության վայրերում՝ Երևանում և Գյումրիում փաստացի գործել է արտակարգ դրություն, ինչն ակնհայտորեն ՀՀ իշխանությունների ծառայամտության և Ռուսաստանի Դաշնության նախագահին հաճոյանալու ցանկության դրսևորում էր: Վերը նկարագրված անօրինականությունների պարագայում հարց է ծագում, թե որքանով են արդյունավետ ծախսվել ժողովրդավարության, մարդու իրավունքների և կառավարման ոլորտների զարգացման նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ ոստիկանությանը տարիներ շարունակ հատկացված ֆինանսական միջոցները:
ՀՀ ոստիկանության վերոնշյալ գործողությունները ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված՝ մարդկանց տեղաշարժի, արտահայտման ու հավաքների ազատության սկզբունքների կոպիտ խախտումներ են: Նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ փաստում է, որ Հայաստանի իշխանությունները, չնայած իրենց բազմաթիվ հայտարարություններին, չեն պատրաստվում պահպանել ժողովրդավարության սկզբունքները և հարգել մարդու իրավունքները: Ավտորիտար պետություններին բնորոշ նման վարքագիծը լիովին համահունչ է Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը միանալու՝ ՀՀ ղեկավարության որդեգրած քաղաքականությանը: Ուստի, Հայաստանի Հանրապետության անդամակցումը նման կառույցներին մարտահրավեր է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն՝ իր ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու, սեփական ապագան որոշելու և ժողովրդի իշխանությունը յուրացրած ու պետության անկախությունը վաճառքի հանած մարմիններից ազատվելու համար:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հելսինյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ
«Հոգևոր Հայաստան» ՀԿ-ն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
«Հելսինկյան նախաձեռնություն-92» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ