Հայցը մերժվեց
00:00, July 11, 2009 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2009 թ. հուլիսի 10-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ընդդեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը:
ՀՀ վարչական դատարանում հայցվոր կողմը` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը, մասնակի հրաժարվել է հայցից, ինչից ելնելով հայցադիմումում եղած հետևյալ հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը իրավական նորմերի հիմքով դատարանի կողմից կարճվել է.
• քանի՞ հոգի են ստացել տարկետում և ինչ տևողությամբ
• քանի՞ հոգի են ստացել տարկետում`
ա/ առողջական վիճակի պատճառով
բ/ ընտանեկան դրության բերումով
գ/ ուսումը շարունակելու համար
• քանի՞ հոգի են դիմել «Այլընտրանքային ծառայության» անցնելու համար
• քանի՞ զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն զորակոչից խուսափելու համար:
Իսկ թե քանի՞ հոգի է ենթակա եղել պարտադիր զինծառայության և քանի՞ հոգու է տրվել ծանուցում զորակոչի մասին տեղեկություններ տրամադրել պարտավորեցնելու մասին պահանջը դատարանի կողմից մերժվել է:
Մերժման պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ տվյալ հարցերի պատասխանները, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, պարունակում են պետական գաղտնիք:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստվում է բողոքարկել ՀՀ վարչական դատարանի վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանում:
Տեղեկացնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մի քանի անգամ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն` ստանալու համար վերը նշված հարցերի պատասխանները 2008 թ. գարնանային զորակոչի վերաբերյալ` ըստ Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջանների:
Սակայն, ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել էր տրամադրել տեղեկատվությունը: