ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
00:00, June 20, 2008 | Արդար դատաքննության իրավունքԵՐԵՎԱՆՈՒՄ 2008 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ ԵՎ ՄԱՐՏԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՓԻՖԸ ԿՈՂՄԻՑ ՄԱՅԻՍԻ 7-12 ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԵՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ
Ընկերակցությունը գործում է 1901 թ-ի Օրենքի համաձայն: Ընկերակցությունը ստեղծվել է 1993 թ-ին, եվ միավորում է հայազգի կամ հայկական հարցի նկատմամբ ոչ անտարբեր ֆրանսիացի փաստաբաններին եվ իրավաբաններին:
Ընկերակցության նպատակն է ցանկացած, մասնավորապես իրավաբանական եվ դատական օգնություն ցուցաբերել Հայաստանին եվ սփյուռքին եվ իր ներդրումն ունենալ Հայաստանում իրավական պետության կառուցման գործում:
ՀՓԻՖԸ-ը ընդունում է իր նպատակների հետ առնչվող ցանկացած խորհրդատվական կամ փորձագիտական առաքելություն:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Իր հիմնման պահից ի վեր ՀՓԻՖԸ-ը ունեցել է արտոնյալ հարաբերություններ իր հայաստանյան գործընկերների հետ` նպատակ ունենալով ամրապնդել փաստաբանական մասնագիտական գործունեությունը Հայաստանում, որն, օրական, հաճախ դժվարին եվ երբեմն նույնիսկ թշնամական վերաբերմունքի պայմաններում, մասնակցում է իրավական պետության հաստատմանը:
Այսպես, մեզ դիմել են տարբեր, մասնավորապես Աշոտ Բլեյանի, Վահե Գրիգորյանի, Մատաղիս գյուղի երեք զինվորների, ինչպես նաեւ Արման Բաբաջանյանի վերաբերյալ գործընթացների կապակցությամբ դատական դիտորդական առաքելություններ կազմակերպելու միջնորդությամբ:
2008 թ-ի մարտի 18-ին, Հայաստանը պատուհասած ողբերգական իրադարձություններից հետո, Փարիզի փաստաբանների պալատի նախագահ, մեր գործընկեր Քրիստիան Շարիեր-Բուրնազելը նամակ է հղել ՀՓԻՖԸ-ի նախագահին, որով արտահայտել է իր մտահոգությունը եվ հարցրել է հնարավոր միջամտության մասին:
Միաժամանակ նա հաստատել է իր հրավերն իր հայ գործընկերոջը, Ռուբեն Սահակյանին, 2008 թ-ի դեկտեմբերի 4-6-ը Փարիզի փաստաբանների պալատ համատեղ աշխատանքների վերսկսման համար:
Ֆրանսիայի Փաստաբանների պալատի Ազգային Խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանի Փաստաբանների պալատի մասնագիտական էթիկայի հանձնաժողովի պատվիրակությունը ս.թ. մարտի 30-ից ապրիլի 5-ը հրավիրվել էր Փարիզ:
Այդ այցի ընթացքում, մեր հայ գործընկերները մեզ տեղեկացրեցին այն ծանրագույն պայմանների մասին, որոնցում կազմակերպվելու էին մարտի մեկի դեպքերին հետեւած բազմաթիվ ձերբակալությունների քրեական գործերով պաշտպանությունը:
Այս պայմաններում էր, որ ՀՓԻՖԸ-ը հաստատեց նոր դատական դիտորդական առաքելություն կազմակերպելու իր ծրագիրը, որը եւ կայացավ 2008 թ-ի մայիսի 7-12-ը, Փարիզի փաստաբանների պալատի նախագահի աջակցությամբ, որը առաքելության մասնակից բոլոր ֆրանսիացի փաստաբաններին հղած իր ս.թ. ապրիլի 25-ի նամակում արտահայտում էր իր համերաշխությունը և ներգրավվածությունը “աշխարհի ցանկացած կետում գտնվող ծանր իրավիճակում հայտնված գործընկերների պաշտպանությանը, ինչպես նաև առհասարակ, մարդու իրավունքների պաշտպանությանը”:
Փաստաբանների պալատի նախագահ Քրիստիան Շարիեր-Բուրնազելն, այսպիսով, մեզ տվեց “լիազորություն իրեն ներկայացնելու մեր հայաստանյան, մասնավորապես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու գործընկերների առջեւ”` դրանով մեզ վստահեցնելով մեր առաքելության իրականացման շրջանակներում իր ամբողջական եւ անվերապահ աջակցությունը:
Այսպիսով, դատական դիտորդական առաքելությունը, որին մասնակցեցին Փարիզի Փաստաբանների պալատի անդամներ Ալեքսանդր Ասլանյանը, Վիրժինի Բլանշին, Ալեքսանդր Կույումջյանը, Սիլվի Փափազյանը, Անահիտ Փափազյանը, Ժերար Չոլակյանը, տեղի ունեցավ 2008 թ-ի մայիսի 7-12-ը:
ԶԵԿՈՒՅՑԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Այդ հինգ, ամբողջությամբ մեր առաքելության նպատակներին նվիրված օրերի ընթացքում, մենք հանդիպեցինք ՀՀ արդարադատության նախարարի, Մարդու Իրավուքների պաշտպանի տեղակալի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի եվ հյուպատոսի, Հելսինկյան ընկերակցության նախագահի, հարյուրից ավելի կալանավորված անձանցից ութին, Փաստաբանների պալատի նախագահի եվ մի շարք մեր հայ գործընկերների հետ:
Այդ կարճ ժամանակահատվածում մենք հնարավորություն չունեինք հանդիպել ոչ բոլոր ներգրավված փաստաբաններին, ոչ բոլոր կալանավորվածներին:
Մենք նաեվ հնարավորություն չունեցանք հանդիպելու դատախազության ներկայացուցիչներին եվ լսելու մեղադրող կողմի դիրքորոշումները: Հետաքննության ընթացքում շփումները դատախազության եվ փաստաբանների միջեւ պետք է իրականացվեն գրավոր կերպով և Դատախազը միայն բացառիկ դեպքերում է իրավասու սեփական հայեցողությամբ շրջանցել այս դրույթը: Բացի այդ, մեղադրական համակարգի վրա հիմնված հայկական քրեական ընթացակարգը չի նախատեսում փաստաբանների իրազեկում քննության ընթացքի վերաբերյալ մինչև վերջինիս ավարտը:
Մեր նախորդ դատական դիտորդական առաքելությունների ընթացքում, հարուցված գործերը գտնվում էին արդեն դատաքննության ընթացքում եվ մենք խնդրում էինք հանդիպում դատախազության ներկայացուցիչների հետ: Ամեն անգամ մեր խնդրանքը կամ մերժվում էր, կամ արդեն նշանակված հանդիպումը վերջին պահին չեղյալ էր արվում:
Չնայած արտահայտված վերապահումներին, այն հարուցված գործերը, որոնց մենք կարողացանք ծանոթանալ, իրենց մեջ պարունակում են այնպիսի դրվագները, որոնք մեզ թույլ են տալիս անել նախնական հետեվություններ և բարձրացնել մի շարք հարցեր:
Առաջին հերթին՝ մենք համարում ենք, որ առավել ազդեցիկ անձանց ձերբակալությունները եվ կալանավորումները կատարվել են քրեական ընթացակարգի տարրական կանոնների խախտումով:
Այդ կերպ, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եվ Մյասնիկ Մալխասյանը ձերբակալվել են մարտի 2-ին, մինչդեռ Ազգային Ժողովը իրենց զրկել է պատգամավորական անձեռնմելիությունից միայն մարտի 6-ին:
Նմանակերպ Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ, մենք դիտարկեցինք, որ նրա ձերբակալությունը կատարվել է բռնի կերպով, մոտ քառասուն դիմակավոր եվ զինված անձանց կողմից, պայմաններում, որոնք հատուկ են հանցանքի վայրում բռնված հանցագործի ձերբակալմանը, մինչդեռ մինչև ձերբակալումը նրա նկատմամբ որևէ մեղադրանք չի հարուցվել:
Նախ, նրա դեմ սկզբնապես քրեական գործ հարուցվել է միայն ապօրինի զենք կրելու հիմքով այն դեպքում, երբ զենքը նրա մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է միայն ձերբակալման պահին: Քանի որ գործում բացակայում է ձերբակալությանը նախորդող ժամանակահատվածում որևէ իրավախախտում կատարելը հաստատող փաստ, ապա վերջինիս ձերբակալությունը եվ քրեական գործի հարուցումը, ակնհայտորեն պատասխան են նախորդ օրը ընդդիմության հանրահավաքի ժամանակ նրա հրապարակային ելույթի:
Միաժամանակ, նրան կալանքի տակ պահելը օրենսդրորեն սահմանված ընթացակարգային 72 ժամից ավել եւ գիշերվա կեսին դատական նիստի անցկացումն ազատությունից զրկելու օրինական ժամկետից ավելի քան 4 ժամ ուշացումով, նախնական կալանքի սանկցիա տալու նպատակով, կազմում է ընթացակարգի ծանր խախտում, որը պետք է որ անվերապահորեն պատժվեր վերաքննիչ դատարանի կողմից:
Այս գործելակերպը հանգեցնում են այն մտքին, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան քաղաքական բնույթի հետապնդումների դատական քողարկում իր ծայրահեղ կոպիտ դրսևորումներով:
Երկորդը՝ ինչ վերաբերվում է ներկայացված հաճախակի հանդիպող մեղադրանքների ծանրությանը, այնպիսի մեղադրանքների, ինչպիսին են հատկապես “ուժով պետական իշխանությունը յուրացնել սահմանադրական կարգի խախտմամբ”, օրենքով, նման ծանր մեղադրանքի առաջադրումը պետք է նախ եվ առաջ հիմնավորված լինի հստակ եվ շոշափելի փաստերով:
Սակայն այն տեղեկատվության մեջ, որը մենք կարողացանք հավաքել, այդ փաստերը մեծապես բացակայում են:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանն արդեն երկամսյա ազատազրկումից հետո դեռևս որևէ դատաքննիչի հետ չէր հանդիպել եւ անտեղյակ էր իր ազատազրկման հստակ պատճառից:
Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Ալեքսանդր Արզումանյանը արդեն մեկ անգամ դատական կարգով հետապնդվել է եվ ենթարկվել է բազմամսյա ազատազրկման այն պատճառով, որ իր բնակավայրում գտել են մի քանի տասնյակ հազար ԱՄՆ դոլար, որոնց անօրինական բնույթը սակայն այդպես էլ չեն կարողացել հաստատել: Նշված գործը դեռ փակված չէ:
Ինչ վերաբերվում է “հաղթելու ենք” արտահայտությանը, որը հանրահավաքներից մեկի ժամանակ արտասանվել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի կողմից, եվ որի պատճառով նա հետապնդվում է, ապա այն շատ դժվարությամբ կարելի է որակավորել որպես ուժով պետական իշխանությունը յուրացնելու փորձ, քանի որ խոսքը գնում է նախագահի թեկնածու Լեվոն Տեր-Պետրոսյանի պաստառների վրա գրված կարգախոսի մասին:
Նույնկերպ բազմաթիվ տեսաժապավենները փաստում են այն, որ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եվ Մյասնիկ Մալխասյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ խաղացել են խաղարարար դեր, վարքագիծ, որը քիչ համատեղելի է պետական հեղաշրջման փորձի հետ, եվ որը հաստատվում է մեր հանդիպման ժամանակ կայացած խոսակցությամբ:
Բոլոր այս փաստերը աներկբայորեն հաստատում են հետապնդումների քաղաքական բնույթը:
Նշված առաջին երկու կետից բացի` տեղին կլինի ավելացնել բռնության դեպքերը, որոնք բնորոշ էին ձերբակալությունների իրականացման ընթացքին, ինչպես նաեվ նախնական կալանքի ժամանակահատվածին:
Դավիթ Առաքելյանի դեմքի վրա, ձախ աչքի մոտ, նույնիսկ իր ձերբակալությունից երկու ամիս անց կայացած մեր հանդիպման պահին, կար նշանակալից սալջարդ:
Նրան ձերբակալել են մարտի 1-ի առավոտյան, երբ նա հեռանում էր Օպերայի հրապարակից, ապա երեք այլ անձանց հետ միասին նետել են ոստիկանական հատուկ ստորաբաժանման մեքենայի մեջ, որտեղ նրանց հարվածել են ոտքերով եվ մահակներով, որի հետեվանքով նրա կողոսկրերը ջարդվել են:
Հարկ է նշել նաեվ, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած, դեպքերին վերաբերվող օրինական հարցադրումները առ այսօր մնում են անպատասխան:
Խոսելով 2008 թ-ի մարտի 1-ի առավոտյան Օպերայի հրապարակը ցուցարարներից ազատելու գործողության մասին` իշխանություններն այն ներկայացրեցին, որպես թաքցված զենքի եվ զինամթերքի հայտնաբերման գործողություն, հանրային հեռուստատեսության մանրակրկիտ նկարահանումները առաջին հերթին ցույց են տալիս ծառերի մեջ կռացած ոստիկաններին, որոնք հայտնաբերում են ինչ որ նռնակներ, փամփուշտատուփեր եվ ատրճանակներ:
Այս նկարահանումները ծավալուն կերպով օգտագործվել են այն գաղափարի տարածման գործում, որ, մինչ այդ օրը խաղաղ ցուցարարները, վերջապես նպատակադրվել էին բռնի ուժով հեղաշրջում իրականացնել:
Մինչդեռ հանելուկ է, որ ոստիկանները ձեռք էին տալիս եվ ցուցադրում նշված զենքերը առանց պահպանելու տարրական զգուշավորության միջոցներ, որոնք անհրաժեշտ են մատնահետքերի ապացույցների պահպանման եվ զենքը օգտագործած անձանց նույնականացման համար:
Ի վերջո, և հատկապես, ի՞նչ պատճառով մինչ օրս հարուցված գործերից ոչ մեկը ուղղակիորեն չի առնչվում այդ զենքի հայտնաբերմանը:
Ինչ վերաբերում է 10 հոգու մահվան պատճառ դարձած եվ Արտակարգ իրավիճակի հայտարարման համար հիմնավորում հանդիսացած ճշգրիտ հանգամանքներին, ապա այստեղ եվս բազում անպատասխան հարցեր կան:
Ըստ պաշտոնական վարկածի` հանրային ազատությունների սահմանափակման այս միջոցը անհրաժեշտ է եղել որոշ ցուցարարների կողմից իրավապահ ծառայությունների նկատմամբ հրազենով իրականացված բռնությունների արդյունքում, մինչդեռ վերջիններս իրենց զենքը չեն օգտագործել:
Բազմաթիվ տեղեկություններ թույլ են տալիս կասկածել այս փաստերի հավաստիությանը:
– Նկարահանված ժապավենները վկայում են, որ օրինապահները օգտագործել են զենք և կրակել են մարդու հասակի բարձրությանբ` օգտագործելով լուսարձակող փամփուշտներ, որոնց օգտագործումն այնուամենայնիվ խստորեն կանոնակարգված է:
– Որոշ զոհեր սպանվել կամ վիրավորվել են Լեոյի փողոցում` մեծ ցույցից մի քանի հարյուր մետր հեռու, ավելին, օրինապահների օղակի հետևում:
Հաշվի առնելով վայրերի դիրքը` անհավանական է թվում այն, որ մի քանի տասնյակ անձինք կարողանային այդ փոքրիկ փողոցում ստեղծել այնպիսի ապստամբային իրավիճակ , որի դեմ իշխանությունների միակ ընտրությունը լիներ ամենակոշտ ճնշմանը դիմելը:
– Որոշ զոհերի գնդակը դիպել է հետևից, կամ գլխին, ինչը սնում է դիպուկահարների ներկայության վերաբերյալ պտտվող խելահեղ լուրերը:
– Որոշ զոհեր ընդդիմության համակիրներ չեն եղել և չեն մասնակցել հանրահավաքներին:
– Խանութների կողոպուտը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում, որը հանրահավաքից մեծապես հեռու է գտնվում, և ուղեկցվել է տեղում մեծ քանակով ներկա ոստիկանների ապշեցնող հանդուրժողականությամբ:
Վերջապես, այնպիսի հարցեր, ինչպիսիք են բանակի ներկայությունը, դրա ժամանելու ժամը, օգտագործված զենքի ու զինամթերքի բնույթը, ցուցարարների վրա կրակ բացելու որոշումը, մինչ օրս պարզ չեն:
Չնայած հարուցված բազմաթիվ գործերին, մենք չենք գտել, որ դատական գործընթաց է սկսվել` բացահայտելու համար հրազենային կրակոցների հեղինակներին` անկախ այն բանից, թե զոհերը քաղաքացիական անձինք են եղել, թե ոստիկաններ:
Ի վերջո, կցանկանայինք ավարտել Հայաստանը ցնցած մարտի 1-ի գիշերվա ողբերգության զոհերի ընտանիքների իրավիճակով:
Դրանցից ոչ մեկը մեր առաքելության պահին բողոք չէր ներկայացրել համապատասխան տեղեկություններով` նրանց նկատմամբ ճնշումներ են իրականացվել կամ գումարներ են առաջարկվել` «էջը շրջելու» և թաղման ծախսերը հոգալու համար:
Նրանք, ովքեր չեն կարողանում համաձայնել այս կարգի առաջարկներին, այնուամենայնիվ վախ են հայտնում, որ կենթարկվեն հետապնդումների` որպես ճշմարտությունը պահանջելու հանդգնության անխուսափելի հետևանք:
Եվ նույնիսկ ավելի, քան իրենց դիրքորոշման համար ձերբակալվածների ընտանիքները, զոհերի ընտանիքները կանգնած են մի սարսափելի միայնության առջև, որը դատական համակարգը հրաժարվում է փարատել:
Ինչպես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաջարկած անհրաժեշտ անկախ փորձագիտության իրականացումը, այնպես էլ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատումը իշխանույթունների կողմից և զոհերի ընտանիքների իրավունքը փաստաբանի օգնությամբ դատական կարգով այս դեպքերի վերաբերյալ ճշմարտության վերհանումը մեզ հրատապ են թվում:
Փարիզ, 12 հունիսի, 2008թ.
Փարիզի փաստաբանների պալատի անդամներ Ալեքսանդր ԱՍԼԱՆՅԱՆ, Վիրժինի ԲԼԱՆՇԻ, Ալեքսանդր ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ, Սիլվի ՓԱՓԱԶՅԱՆ, Անահիտ ՓԱՓԱԶՅԱՆ, Ժերար ՉՈԼԱԿՅԱՆ
http://www.lragir.am/src/index.php#top