Հանդիպումներ Շիրակի և Լոռու մարզի փաստաբանների հետ
08:13, December 19, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Ռազմավարական դատավարությունների վարչարարություն» ծրագրի շրջանակներում հանդիպումներ կազմակերպեց նաև Շիրակի և Լոռու մարզի փաստաբանների հետ:
2012 թ. նոյեմբերի 23-ին Շիրակի մարզում փաստաբանների հետ հանդիպել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը, իսկ 2012 թ. դեկտեմբերի 7-ին Լոռու մարզում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Հանդիպումների նպատակն է փաստաբաններին ծանոթացնել ռազմավարական դատավարության հմտություններին և զարգացնել զինված ուժերում, ոստիկանությունում և քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիների իրավունքների խախտումների և վատ վերաբերմունքի հետ կապված գործերի ռազմավարական դատավարության կարողությունները, ինչպես նաև փաստաբանների հետ աշխատանքային հանդիպումների միջոցով բացահայտել քրեական դատավարության օրենսգրքի բացթողումներն ու թերությունները:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս քննարկման մասնակից փաստաբանների կողմից ներկայացվեցին իրենց կողմից վարվող գործերը, որոնք կարող են ունենալ ռազմավարական նշանակություն:
Ներկայացվեց նաև ռազմավարական դատավարությունների իրականացման կարևորությունը և խնդիրները, ինչպես նաև ծրագրի շրջանակներում դատական գործի վարույթի իրականացման հայտաձևը և լրացման կարգը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել ռազմավարական նշանակություն ունեցող 6 գործեր:
«Ռազմավարական դատավարությունների վարչարարություն» ծրագիրը իրականացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ: