Հանդուրժողականություն. հանդուրժող է արդյո՞ք մեր հասարակությունը
00:00, July 28, 2008 | ՆորություններԻ՞նչ է հանդուրժողականությունը, կա՞ արդյոք անհանդուրժողականություն հասարակության մեջ և հատկապես փախստականների նկատմամբ:
Սրանք այն հարցերն էին, որոնք քննարկվեցին փախստականներով բնակեցված Նոր Խաչակապ գյուղի բարձր դասարանների 20 երեխաների համար հուլիսի 24-ին կազմակերպված դասընթացի ընթացքում:
«Հանդուրժողականություն. հանդուրժող է արդյո՞ք մեր հասարակությունը» թեմայով դասընթացը կազմակերպվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի gրասենյակի Խաղաղասիրական բաժնի կողմից փախստականների միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդների մոտ հանդուրժողականության մշակույթի ձևավորմանն էր ուղղված դասընթացը:
Մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքներն ու պատկերացումները անհանդուրժողականության վերաբերյալ, ներկայացրեցին անհանդուրժողության դեպքեր, որոնք տեղի են ունեցել իրենց հետ:
«Դասարանում չէինք ընդունում նոր աշակերտին»,- պատմում է երիտասարդներից մեկը, -«չգիտեինք պատճառը, ուղղակի չէինք վստահում նրան, նա առանձնանում էր իր պասիվությամբ և չէր ընդգրկվում մեր առօրյայում»,- շարունակում է նրանցից մեկը:
Բազմազան էին երեխաների օրինակներն ու պատմությունները անհանդուրժողության դեպքերի մասին, հատկապես դպրոցում, որտեղ անցնում է իրենց հիմնական ժամանակը:
Նրանք խոսեցին կրոնական, ազգային անհանդուրժողականութան դեպքերի մասին, ներկայացրեցին անհանդուրժողության վերաբերյալ իրենց սահմանումները. «անտեսել, այլ համոզմունքներ և կարծիքներ չընդունել, չզիջել, արհամարհել, ուրիշին իր վարքը թելադրել՝ նշանակում է չհանդուրժել»,-անկեղծացան երիտասարդները:
Երիտասարդներին ներկայացվեց UNITED ցանցի սահմանումները անհանդուրժողության վերաբերյալ և ցանցի գործունեությունը:
Դասընթացի առանձին մաս էր կազմում անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը և հնարավոր ուղիների քննարկումը: Որպեսզի երեխաները գիտակցեին, թե որոնք են անհանդուրժողականության դեմ պայքարի հնարավոր միջոցներն ու ձևերը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դասընթացավարները որպես տեսանելի օրինակ առաջարկեցին բրազիլացի Ավգուստո Բոալի կողմից հիմնադրված ֆորում-թատրոնի հնարքներն ու արտահայտչամիջոցները: Երիտասարդները բեմադրեցին և ներկայացրեցին իրենց կյանքից վերցված անհանդուրժողության դրսևորման մի դեպք: Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ոչ միայն ներկայացնել լուծման հնարավոր տարբերակներ, այլև խաղալ տվյալ դրվագը յուրովի: Սրա միջոցով երեխաների հետ փորձեցինք վերլուծել անհանդուրժող լինելու պատճառները և դրանց վերացմանը նպաստող ձևերը:
«Դասընթացի ժամանակ կիրառված ֆորում-թատրոնի միջոցով ակնկալում էի հնարավորություն տալ երիտասարդներին՝ մտածել անհանդուրժողականության ծագման պատճառների մասին, ավելի խորը զգալ անհանդուրժողականության արմատները և գիտակցել դրանք, քանի որ միայն այդպես կարող ես գտնել անհանդուրժողականության նվազման հնարավորությունները»,- նշեց դասընթացավար Էդգար Խաչատրյանը:
Ըստ դասընթացի գնահատման արդյունքների, որը դասընթացի ավարտին իրականացվեց մասնակիցների կողմից, նրանք գիտակցում են անհանդուրժողության առկայությունը հասարակության մեջ և գտնում են, որ անհրաժեշտ է շարունակաբար պայքարել անհանդուրժողության տարբեր ձևերի ու դրսևորումների դեմ:
Պետք է ավելացնել, որ փախստական ընտանիքների երիտասարդների հետ աշխատանքը հանդիսանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության ուղղություններից մեկը, և նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ: