Հանրապետականացումն ու ազատ ընտրությունները
11:13, February 7, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքԸստ փորձագետների՝ Ընտրական օրենսգրքում առկա բացերը կասկածի տակ են դնում փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները: Օրենսդրական բացերից մեկն իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է թեկնածուների հայտարարագրերում նշված եկամուտները, որոնք պարզելու համար ԿՀԸ-ն ոչ մի իրավասություն չունի:
«Պետք է հարց տան ,չէ՞, թեկնածուն տարեկան եթե ունի 60 մլն դոլար եկամուտ, որտեղից են դրանք գալիս։ Ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված եկամուտները մասնակցում են ընտրական պրոցեսին»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նրա կարծիքով ԿԸՀ-ի լիազորությունները ոչ միայն սահմանափակ են, այլեւ եղածում էլ թերանում են: «Շատ պարզ օրինակ ասեմ` տեղական ինքնակառավարման մարմնի տարածքում էլեկտրասյուների վրա միայն ՀՀԿ թեկնածուի դրոշներն են փակցված: Ասում են` դրոշակները քարոզչության նյութեր չեն: Բայց այդ դրոշները փակցվում են հենց նախընտրական քարոզչության ժամանակ»,- ասաց իրավապաշտպանը:
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին այսօր ամենից շատ մտահոգում է, որ ԿԸՀ-ն չի ներկայացնում ընտրողների իրական ցուցակը: Թեկնածուն նկատում է, որ ցուցակներում նշված է, որ քվեարկելու իրավունք ունի 2.5 մլն մարդ այն դեպքում, երբ բնակչության թիվը 2 մլն 800 հազար է: ԿԸՀ պատճառաբանությունը եղել է հետևյալը` երկրից մեկնած մարդիկ, ովքեր ՀՀ քաղաքացի են, ավտոմատ կերպով ընդգրկվել են այդ ցուցակներում:
«Եթե մենակ Հայաստանում ենք ընտրելու, թող ընտրի միայն մշտական բնակչությունը, իսկ նրանք, ովքեր ընտրությունների ընթացքում գալիս են Հայաստան, նորից կարող են ընտրել` ամրակցման կտրոն վերցնելուց հետո»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նախագահի թեկնածուն ԿԸՀ-ին առաջարկել էր տեղամասեր բացել այն երկրներում, որտեղ ամենից շատ են մեկնել Հայաստանի քաղաքացիները, սակայն մերժում է ստացել; ԿԸՀ-ն նաև հրաժարվել է առանձին ցուցակներով ներկայացնել Հայաստանում և երկրից դուրս ապրող քաղաքացիներին:
«Դա նշանակում է, որ նրանք խցկված են ընդհանուր ցուցակներում, և քո վստահված անձը ի վիճակի չի լինի բացահայտել սխալը, խախտումը: Սա լուրջ պրոբլեմ է»,- ասաց նախագահի թեկնածուն։
Թեեւ Ընտրական հանձնաժողովի գործունեությունը չի բավարարում իրավապաշտպաններին եւ նախագահի թեկնածուների մեծ մասին, սակայն վստահ են, որ ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորը ԿԸՀ-ն չէ: «Եթե դպրոցները, մանկապարտեզները և պետական բոլոր կառույցները հանրապետականացված են, արդեն խոսք չի կարող լինել արդար և թափանցիկ ընտրությունների մասին»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2013/02/07/artur-saqunc