ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չունի տալու
12:57, March 16, 2012 | Նորություններ | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից:
Պարոն Սաքունց, Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը ՀՀ ՊՆ պաշտոնյաների խոսքերով ունեն համակարգային բնույթ և կապված են Հայաստանում պաշտպանական բարեփոխումների հետ: Որքանո՞վ են այդ բարեփոխումներն իրատեսական:
Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների իրականացման մեջ սա միակ հնարավորությունն է, քանի որ չկա բարեփոխումների իրականացման այլ հնարավորություն: ՀԱՊԿ-ն ամբողջովին կառուցված է ռուսական զինվորական մոդելի վրա և անգամ իր երկրի`Ռուսաստանի համար որևէ բան չունի առաջարկելու: Ռուսաստանի զինված ուժերում իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ, մահացություններ, կոռուպցիա և այլ երևույթներ են առկա: Այս տեսանկյունից այն մեզ համար չի կարող այլընտրանք հանդիսանալ, սա ընդամենը նախկին խորհրդային մոդելի շարունակությունն է: Այդ տեսակետից ՆԱՏՕ-ն էապես հանդիսանում է միակ այլընտրանքը, միակ հնարավորությունը: Որպես օրինակ կարող ենք նշել ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղարար ուժերի առաքելության մասնակցության մոդելը, որը իրապես կարգապահության, զինվորական ներքին մթնոլորտի, վերաբերմունքի, առաքելության արդյունքն է:
Այդ դեպքում ինչո՞ւ են մեր պաշտոնյաներն առավել շահեկան դիտարկում ՀԱՊԿ-ի հետ անդամակցությունը և այդպես էլ ՆԱՏՕ-ին անդամագրվելու խնդիր կամ անհրաժեշտություն չեն տեսնում:
Խնդիրը ոչ թե անդամակցության տեսակետից պետք է դիտարկել, այլ այն, որ ՀԱՊԿ-ին ավելի շատ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են նախապատվություն տալիս: Պատճառը շատ պարզ է. Հայաստանը հանդես է գալիս որպես ԱՊՀ անդամ, բացի այդ` հայ-թուրքական հարաբերությունների չկայացվածության կամ դրա գոյության բացակայության պայմաններում ՀԱՊԿ-ը հանդիսանում է որպես անվտանգության երաշխավոր /չմոռանանք ռուսական բազաների առկայությունը/, վերջին հաշվով Խորհրդային Միության համակարգից դե յուրե Հայաստանը դուրս է եկել, բայց դե ֆակտո դեռ շարունակում է մնալ: Իհարկե, սա պայմանավորված է նրանով, որ հայկական քաղաքական էլիտայի մեծամասնությունը դեռ որ մնում է ռուսական քաղաքականության ազդեցության շրջանակներում, մասնավորապես տնտեսական բնագավառը, որտեղ ավելի շատ ռուսական ներկայությունն է: Այսօր քաղաքական էլիտայի մեծ մասն իր բիզնեսն ունի Ռուսաստանում, անվտանգության համակարգը նույնպես ռուսական ազդեցության ներքո է, այսինքն` տրամաբանական ձևակերպում է հանդիսանում, բայց դա չի նշանակում, որ սա արդյունավետ է, պարզապես դա իրերի փաստացի քննության արձանագրումն է նաև ռազմական միավորման անդամակցության ձևով: Ցավոք սրտի, ՀՀ քաղաքացի կամ որևէ քաղաքական և ռազմական էլիտա, որը նորից ռուսական ռազմական մշակույթի մեջ է գտնվում, չի կարող ինձ համոզել, թե ինչու է ՀԱՊԿ անդամակցությունը մեզ համար արդյունավետ: Կարող են ասել, որ մենք իրենցից ենք զենք ստանում, ընդ որում`այդ զենքը մեզ տրամադրվում է ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ որովհետև մենք դրա համար վճարում ենք, բայց խնդիրը վերաբերում է ինստիտուցիոնալ բարեփոխումներին: ՆԱՏՕ-ն մեզ առաջարկում է ռազմական պլանավորման, ծրագրավորման, բյուջետավորման, վերահսկման այնպիսի մեխանիզմներ, որոնք հատուկ են ժողովրդավարական արժեքային համակարգին, բայց ցավոք սրտի մեր քաղաքական էլիտայի արժեքների շրջանակը ավելի շատ հարմարեցված են ՀԱՊԿ-ի շրջանակներին, որն ավտորիտար արժեքային համակարգ է, իսկ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում չեն կարողանում այլընտրանք տեսնել, քանի որ իրենց օրգանական կենսական շահերը տեսնում են այդ համակարգի ներսում. սա է ամբողջ իրողությունը:
Վերջերս Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկում էր ԶՈւ բարեփոխումների հարցը: Հետևելով զինված ուժերի գործողություններին, բանակի խնդիրներին, որևէ առաջընթաց գրանցե՞լ եք արդյոք: Կա՞ բարեփոխումներ իրականացնելու ցանկություն, թե՞ դրանք ավելի շատ ֆորմալ բնույթ են կրում:
Պաշտպանության նախարարի կողմից բարեփոխումների մասին բոլոր խոսակցություններն ընդամենը խոսակցություններ են, իրավիճակը չի փոխվում, ավելին` հիմա ավելի բարդ իրավիճակ է, և այն մարտահրավերները, որոնք ես հրապարակային ասել եմ, Զինված ուժերի թվաքանակի ապահովման, ԶՈւ կարգապահական կանոնների պահպանման, օրենքի գերիշխանության, մահացության դեպքերի նվազեցման, կանոնակարգային հարաբերությունների խախտման դեպքերի նվազեցման որևէ ցուցանիշ մենք չունենք, և ասել, որ մեզ մոտ բարեփոխումներ են իրականացվում, ավելի շատ դիվանագիտական ձևակերպումներ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Վերջին հաշվովմ ռազմական պլանավորման տեսակետից ՆԱՏՕ-ն ենթադրում է բավական թափանցիկ պլանավորում, իսկ Հայաստանում մենք դրա մասին որևէ գաղափար չունենք, թե, օրինակ, ռազմական բյուջեի պլանավորման դեպքում որոնք են այդ չափորոշիչները, որոնցով որոշվում է՝ զինված ուժերի, տեխնիկայի վերաբերյալ թվաքանակը: Մինչդեռ ՆԱՏՕ-ն ունի հստակ չափորոշիչներ, իսկ մենք մինչև հիմա ներքին կարգապահական կանոնագրքի հետ կապված հարցերը չենք կարողանում լուծել: Երկու տարի է` խոսում են, որ պետք է ընդունվի, բայց մինչև հիմա չի ընդունվել, և նույնիսկ չի ապահովվում մարդու իրավունքի կամ զինառայողների իրավունքների պաշտպանության և նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունքի սկզբունքները, այն ամրագրում է հիերարխիկ կոշտ ենթակայության համակարգ օրենքի մակարդակում, որը գործում է կառավարության որոշմամբ: Այսինքն` պաշտպանության նախարարը մինչև հիմա որևէ փաստ չի կարող ներկայացնել, որ իրականացվում են բարեփոխումներ, իսկ խոսքերը, որ պետք են և անհրաժեշտ են բարեփոխումներ, դեռ չի նշանակում, թե բարեփոխումներ են իրականացվում:
Իսկ ՆԱՏՕ-ն ավելի հետևողական չէ՞ Հայաստանի ԶՈւ բարեփոխումների իրականացման հարցում:
ՆԱՏՕ-ն տեսնում է հնարավորություն, որ երկխոսությունը դեռևս շարունակվի, եթե Վրաստանի հետ համեմատեք: Վրաստանում արմատական գործունեության ծրագիրը ամեն տարվա համար է, Հայաստանի հետ երկու տարվա ծրագիր է: Այնտեղ ինտենսիվ գնում են բարեփոխումները, իսկ մեր երկու տարվա ցիկլը խոսում է այն մասին, որ մեզ մոտ տեմպերը շատ ավելի դանդաղ են: Ցավոք սրտի, ավանդական գործողության ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթուղթը մնում է գաղտնի: Բայց եթե դու բարեփոխումների ծրագիր ես ուզում իրականացնել, առաջինը հանրային իրազեկման բարձրացման անհրաժեշտությունն է փոփոխությունների վերաբերյալ, որը մինչև հիմա չունենք: ՆԱՏՕ-ն մինչև հիմա ինչ անում է, իրապես մեթոդական աջակցություն ցուցաբերելն է Հայաստանին, բայց ոչ ավելին:
ՀԱՊԿ-ի հետ անդամակցությունը մեզ որևէ երաշխիք չի՞ տալիս անվտանգության առումով և ճի՞շտ է այդ անդամակցությունից հրաժարվելը:
ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չունի տալու, ՀԱՊԿ-ը ոչինչ չի տալիս իր հիմնական կրող ուժին` Ռուսաստանի զինված ուժերին, և ՀԱՊԿ-ի անդամ երկրներին հետևելիս տեսնում ենք, որ նրանք բոլորը ավտորիտար երկրներ են, որոնք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում: Մենք տեսանք 2008-ի մարտի մեկին զինված ուժերի օգտագործումը ներքին քաղաքական նպատակներով, ավելին, հիմա նույնիսկ քննարկվում է զինված ուժերի օգտագործումը ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներքին ճգնաժամային իրավիճակների ժամանակ և այն ձևակերպմամբ, որ անդամ երկրի ցանկությամբ դա կարող է օգտագործվել: Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը ժողովրդավարության, անվտանգության տեսակետից որևէ բան չունի առաջարկելու, քան ավտորիտար իշխանության գոյության երաշխիքներ ապահովելուց: Այն ուղղված է ոչ թե խաղաղության, աշխարհի բոլոր մարտահրավերներին դիմագրավելու, այլ ուղղված է ներքին քաղաքական խնդիրների լուծման մեխանիզմների ամրապնդմանը, բայց ոչ թե գլոբալ լուրջ մարտահրավերներ լուծելու: Այդ տեսակետից, Հայաստանը պետք է իրապես ազատագրվի և պետք է ինտեգրվի ՆԱՏՕ-ին, քանի որ սա է Հայաստանի անվտանգության կարևորագույն երաշխիքը:
ՆԱՏՕ-ն գլոբալ խնդիրների լուծման օրինակ է: Դրա համար ես գտնում եմ, որ Հայաստանի նման երկրի համար ՆԱՏՕ-ն է իրական անվտանգության երաշխավորը:
Արդյոք Թուրքիայի` ՆԱՏՕ անդամակցությունը չի՞ խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը:
Սա չպետք է դիտարկել ավտորիտարիզմի շրջանակում: Ցավոք սրտի, Հայաստանում թե ընդդիմադիր, թե իշխանություն ունեցող քաղաքական ուժերը դեռ չեն ազատվել ավտորիտարիզմից, և դա է հիմնական խոչընդոտն ու սպառնալիքը: Նորից եմ կրկնում, անդամագրումը ՆԱՏՕ-ին ավելի կմեծացնի անվտանգությունը, երկխոսություն կսերմանի և կնպաստի մեր զարգացմանը: Բայց քանի դեռ Ռուսաստանն ինքը ժողովրդավարական արժեքային համակարգում չի գտնվում, չի կարող լինել երաշխավորը, նա մշտապես լինելու է սպառնալիքը թեժ պահողի դերում` ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից:
Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/natohb61778.html