ՀԱՊԿ. Հարավային Օսիայի հակամարտության մեջ ներգրավվել են Կազմակերպության երկու անդամ` Հայաստանն ու Ռուսաստանը
00:00, August 12, 2008Հարավային Օսիայի հակամարտության մեջ ներգրավվել են ՀԱՊԿ-ի երկու անդամ. Ռուսաստանի Դաշնությունը` անմիջականորեն, և Հայաստանը, որը Վրաստանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների պատճառով հայտնվել է տրանսպորտային շրջափակման մեջ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լրատվական բաժնի խորհրդատու Վիտալի Ստրուգովեցը, այդպիսի եզրակացության են հանգել ՀԱՊԿ-ի անդամ երկրների լիազոր ներկայացուցիչները` օգոստոսի 11-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում:
Նիստի ընթացքում լիազոր ներկայացուցիչները քննարկել են Հարավային Օսիայում Վրաստանի կառավարության գործողությունների պատճառով ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության լիազոր ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Ա.Ռաննիխը տեղեկացրել է խաղաղ բնակչության հանդեպ վրացական զինվորների կամայականությունների վերաբերյալ կոնկրետ փաստերի և, դրանց հետ կապված, Վրաստանի ագրեսիան կասեցնելու, սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար Ռուսաստանի կողմից գործադրվող ջանքերի մասին:
Կազմակերպության անդամ երկրներն անհանգստություն են հայտնել Հարավային Օսիայում ստեղծված իրավիճակի առնչությամբ, քննարկել են իրադրության կայունացման համար հնարավոր քայլերը: Նիստի ընթացքում ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ի մի շարք անդամ երկրներում արդեն մշակվում են հակամարտության կարգավորման քաղաքականության վերաբերյալ համապատասխան առաջարկները:
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.arminfo.info/