Հատուկ քննչական ծառայության արձագանքը
00:00, July 2, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունքՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարը երեկ տարածել է հաղորդագրություն, որը, հաստատելով մամուլի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած փաստաթղթի գոյությունը, պարզաբանումներ է ներկայացնում դրա վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Նախաքննության ընթացքում ելնելով գործի և կատարվելիք քննչական գործողությունների ծավալից, այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, նախաքննական մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված կարգով իրավունք ունի այդ գործողությունները կատարելու համար տալ հանձնարարական տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին: Ընդ որում քննչական հանձնարարական կարող է տրվել ոչ միայն ՀՀ տարածքում քննչական գործողություններ կատարելու համար, այլ նաև արտերկրում և նույնը` հակառակը քննչական հանձնարարություններ կարող են ստացվել նաև արտերկրից:
Մարտի 1-ից 2-ի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ևս, ղեկավարվելով օրենքի վերը նշված պահանջով, ՀՀ տարբեր մարզերում քննչական գործողություններ կատարելու հանձնարարություններ են տրվել, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի իրավապահ մարմիներին: Բացի այդ օպերատիվ որոնողական միջոցառումներ իրականացնելու նպատակով բազմաթիվ հանձնարարություններ են տրվել ՀՀ ազգային անվտանգության և ոստիկանության և այլ ծառայություններին:
Ինչ վերաբերում է օրենքով սահմանված կարգով տրված քննչական հանձնարարության պահանջները որպես «ռեպրեսիա» են կիրառում Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանություններին, ապա դրանք մերկապարանոց են և անհեթեթ: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարմինը որին տրվում է քննչական հանձնարարությունը, չի տիրապետում քրեական գործի փաստական տվյալներին, ուստի հանձնարարության մեջ նշվում են քրեական գործի տվյալները, պարզաբանման ենթակա հարցերը և կոնկրետ քննչական գործողությունների տեսակը, որի միջոցով հնարավոր է ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ: Նկատի ունենալով, որ սկզբնական փուլում, քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել այն մասին, որ Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումների, ինչպես նաև մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցները, որոշակի վարձատրության դիմաց հավաքագրվել են կազմակերպիչների կողմից, որպիսիք մարդկանց հավաքագրել են, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում, ուստի նրանց բացահայտելու նպատակով, կոնկրետ հարցադրումներ անելու պահանջ է դրվել տրված քննչական հանձնարարություններում:
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ նաև, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն, զանգվածային անկարգություններ հրահրելուն ուղղված միջոցառումները իրականացվել, ուղղորդվել, կազմակերպվել են մեկ կենտրոնից, որի համար ֆինանսավորում է ստացվել նաև արտերկրից: Օտարերկրյա պետությունների հնարավոր միջամտության վերաբերյալ ստացված տվյալները ճշտելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով նույնպես տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Զավեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը թե, իբր, հիշատակված քննչական հանձնարարությունը հայթայթել են նախաքննական մարմնից գաղտնի: Փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կողմերին տվել է հենց նախաքննական մարմինը: Վայոց Ձորի մարզի դատախազություն ուղարկված քննչական հանձնարարության կատարման արդյունքում բացահայտվել է Աղասի Մկրտչյանի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին նախագահական ընտրություններում քվեարկելու համար ընտրակաշառքներ տալու դեպքը և վերջինիս վերաբերյալ քրեական գործի մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Քրեական գործի բոլոր նյութերը, այդ թվում հիշյալ քննչական հանձնարարությանը ծանոթանալու համար ներկայացվել է մեղադրյալին և նրա պաշտպանին, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով նրանց տրամադրվել է քրեական գործի բոլոր նյութերի պատճենները:
Նախաքննության ընթացքում տրված բազմաթիվ հանձնարարությունների կատարման արդյունքում բացահայտվել է ոչ միայն հիշյալ հանցագործության դեպքը, այլ նաև մի շարք հանցագործություններ, մասնավորապես` առանց բժշկի թույլտվության թմրամիջոց գործածելու, մարտի 1-ին քաղաքապետարանի մոտ ոստիկանության բաժնի պետին ծեծի ենթարկելու, վերջինիս հաշվեցուցակային ատրճանակը հափշտակելու, մարմնական վնավածքներ պատճառելու համար հարմարեցված «ոզնի» կոչվող մետաղական կոնստրուկցիաներ պատրաստելու և Ազատության հրապարակ տեղափոխելու դեպքերը և այլն»:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/src/index.php#top