Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնի պատասխանը
00:00, July 5, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունքՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինը տարածել է հաղորդագրություն, որը պատասխան է Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանության, որ հուլիսի 4-ին հրապարակվել է մեր կայքում: Պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ.
«ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի առանձին հանձնարարականի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ՝ ներկայում կալանավորված մեղադրյալի գնահատականը իր հերթական «բլեֆներից» է:
Հաշվի առնելով նախկինում որոշ չափով դատախազական աշխատանքի փորձի առկայությունը (բացառությամբ քննչական աշխատանքից)՝ գնահատականներից ակնհայտ է դառնում, որ Ջհանգիրյանը ոչ թե դիմել է պարալոգիզմի, այլ տրամաբանական սոփեստության, այսինքն՝ սխալ մեկնաբանելով օրենքները և կատարելով սխալ կշռադատություններ՝ նպատակ է ունեցել մոլորության մեջ գցել ունկնդրին, որը ենթակա է գնահատման իբրև պատասխանատվությունից խուսափելու եղանակ:
Ներկայացված գնահատականը դուրս է քրեաիրավական ոլորտից և զուրկ հիմքերից, հակառակ պարագայում՝ նա կօգտվեր քրեական-դատավարական օրենքով վերապահված իրավունքներից ու կվիճարկեր նախաքննական մարմնի կայացրած որոշումները: Այդ ճանապարհը նա չի ընտրել, այլ որդեգրել է քաղաքական բանսարկությունների ուղին՝ խեղաթյուրելով փաստական հանգամանքները, քրեական դատավարության նորմերը:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ներկայացվում են որոշ պարզաբանումներ հատուկ քննչական ծառայության պետի առանձին հանձնարարության իրավական հիմքերի վերաբերյալ՝ հասարակությանը զերծ պահելու ապակողմնորոշումից:
Հիմնավորում
Քննչական խումբ ստեղծելու մասին որոշումը կազմվել է ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումի համաձայն՝ ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով, այն է՝ գլխավոր դատախազն ինչպես հատուկ քննչական ծառայության պետին, այնպես էլ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ և այլ քննչական վարչությունների պետերին քննչական խումբ ստեղծելու համար քննիչներ տրամադրելու գրավոր ցուցում է տվել:
Մեջբերում ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից. «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով՝ դատախազի բացառիկ լիազորությունն է՝ անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաև՝ ցուցում տալ նախաքննություն իրականացնող տարբեր մարմինների քննչական բաժինների պետերին՝ այդ մարմինների քննիչներից ստեղծված քննչական խմբում ներառելու վերաբերյալ»:
Մեջբերում ՀՀ քր. դատ. օր-ի 194-րդ հոդվածից.
«Գործի բարդության կամ նրա ծավալի մեծ լինելու դեպքում նախաքննության կատարումը կարող է հանձնարարվել մի քանի քննիչի, որի մասին նշվում է գործի հարուցման վերաբերյալ որոշման մեջ կամ կայացվում է առանձին որոշում: Այդ մասին իրավունք ունի որոշում կայացնել քննչական բաժնի պետը….»:
ՀՀ քր. դատ. օր-ի 191-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննչական կամ հետաքննության մարմնին: Քրեական գործով հանձնարարությունն իջեցվել է հսկող դատախազի միջոցով` քննչական հանձնարարության կատարման ենթակայության հարցը լուծելու և դատավարական պատշաճ ղեկավարում իրականացնելու նպա¬տակով: Հանձնարարությունը տրվել է դատավարական նորմերի պահպանմամբ` նշելով. «խնդրվում է հանձնարարել կատարել», այլ ոչ թե կատարել, ինչպես որ փորձ է կատարվում ներկայացնել:
Մեջբերում ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից.
«Դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է հետաքննութ¬յան և նախաքննության նկատմամբ իրականացնել դատավարական ղեկավարում»:
Անձնագրի ձև 1-ի վերաբերյալ. Առկա են տեսաձայնագրություններ, հետևաբար նրանցում պատկերված անձանց ինքնությունը պարզելու համար կամ, ի վերջո, ՀՀ քր. դատ. օր-ի 221-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված` լուսանկարով անձի ճանաչում կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ ձևերի պահանջը եղել է հիմնավոր:
Հեռախոսահամարների վերծանումներն ստանալու վերաբերյալ. Թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարված իրադարձությունների վերաբերյալ հարուցված և թե նույն օրվա 2-րդ կեսին քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում կատարված իրադար¬ձութ¬յունների վերաբերյալ քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի քննության շահերից ելնելով՝ ստուգվել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հնարավոր հանցակցությունը կամ մասնակցության աստիճանը:
Շտաբի պետերի հարևաններին լսելու վերաբերյալ. Հիմնավորվել է, որ հրապարակային միջոցառումներն ուղեկցվել են իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերով, որոնք հնչեցվել են ոչ միայն հանրահավաքների ժա¬մանակ, այլ կարող էին արվել նաև տեղերում, առանձին խումբ անձանց հետ, այդ թվում` հարևան¬ների, հարազատների և մտերիմների շրջանում` հավաքագրման և ներգրավման վերաբերյալ տվյալներ ձեռք բերե¬լու ակնկալիքով և նպատակով, որպիսի հանգամանքը հանդիսացել է քրեական գործի վարկածներից մեկը, ինչը ստուգելու համար բնականաբար պետք է կատարվեր քննություն:
Ի վերջո, ՀՀ քր. դատ. օր-ի 206-րդ հոդվածի համաձայն, վկային կարելի է հարցա¬քննել գոր¬ծի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` կաս¬կած¬յալի, մեղադրյալի, տուժողի և այլ վկաների անձի մասին:
Նախընտրական շտաբի պետերի ու նրանց ընտանիքի անդամների բնութագրող տվյալների վերաբերյալ. Անհրաժեշտություն է եղել պարզել տվյալ անձի ով լինելը, հնարավոր քրեական անցյալը, սոցիալական դրությունը, ինտելեկտուալ զարգացման աստիճանը, հետաքրքրա¬սիրությունների շրջանակը, մտավոր կարողությունները և ըստ այդմ էլ որոշել վերջինիս գործողությունների շարժառիթը, ցուցմունքների արժանահավատությունը և այլն:
ՀՀ քր. դատ. օր-ի 126-րդ հոդվածի պահանջն է. «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրները ստուգելու միջոցով»:
Բացի այդ, նախաքննական մարմինը պարտավոր է քրեական գործով կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, ուստի օրենքի պարտադիր պահանջի կատարումը որակել որպես «ռեպրեսիա», անհեթեթություն է, առավել ևս, երբ քննչական հանձնարարության մեջ ոչ մի կետ չկա որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին:
Ավտոմեքենաների վարորդների ու հանրահավաքի մասնակիցների վարձատրության վերաբերյալ. Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ նաև, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն, զանգվածային անկարգություններ հրահրելուն ուղղված միջոցառումները իրականացվել, ուղղորդվել, կազմակերպվել են մեկ կենտրոնից, որի համար ֆինանսավորում է ստացվել նաև արտերկրից, հետևաբար, այդ ուղղությամբ քննությունը կամ քննության ընթացքում այդ հանգամանքի արծարծումը տրամաբանական է և անհրաժեշտ:
Քաղաքական շահարկման վերաբերյալ. Բռնությամբ իշխանությունը տապալելուն ուղղված գործողություններն ակամա վտանգ են ստեղծել երկրի (պետության) անվտանգության և տարածքային ամբողջականության համար, որը պետք է մտահոգեր ոչ միայն պետական համապատասխան կառույցներին, այլ նաև` ՀՀ ցանկացած քաղաքացու, հետևաբար, կամա, թե ակամա, գործի քննության շրջանակներում արտաքին քաղաքականության հարցերի շոշափումն ու արծարծումը բնական է և բխում է նախաքննության լրիվության և բազմակողմանիության ապահովման օրենքի պահանջից:
Հոդվածում միաժամանակ տեղ են գտել նաև իրավաբանական տրամա-բանությունից հեռու, չափազանց պարզունակ այլ դատողություններ, որոնք մեկնաբանության անհրա¬ժեշտություն չունեն:
Այսպիսով, քննչական հանձնարարությունը տրվել է ՀՀ քրեական դատավարության նորմերի խիստ պահպանմամբ, քրեական գործը հարուցվել և քննվում է օրենքով սահմանված կարգով, օրենքի տառին համապատասխան, ձեռք բերված բոլոր ապացույցներն օրինական են»:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/src/index.php#top