Հարգեցին «Մարտի 1-ի» զոհերի հիշատակը
00:00, June 21, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունքՀունիսի 20-ին մոտ 2 ժամ ուշացումով Մատենադարանին հարակից տարածքում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը: Այն սկսվեց «Լեւոն, նախագահ» վանկարկումներով, «Պայքար, պայքար մինչեւ վերջ» հայտնի ռեմիքսով:
Հանրահավաքը վարում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա բոլորին շնորհավորհեց երեք հաղթանակի առթիվ:
Ըստ նրա` առաջին հաղթանակն այն է, որ կարողացան ճեղքել ոստիկանական պատը եւ հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարակից հրապարակում:
Երկրորդ հաղթանակը նա համարեց «Ա1+»-ի հաղթանակը Եվրադատարանում:
Իսկ երրորդ հաղթանակն, ըստ նրա, Հայաստանի հարցը հրատապ կարգով ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգ մտնելն է:
Նա փոխանցեց քաղբանտարկյալների ուղերձը: Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ համաժողովրդական պայքարը Հայաստանում ամենակազմակերպվածն է, ամենաեզակին նախկին խորհրդային երկրներում: Որպես օրինակ նա բերում է հայ քաղբանտարկյալների միաժամանակյա հացադուլը:
Հանրահավաքի մասնակիցներին «ՆԺԿ» նախագահ Արամ Կարապետյանի ողջույները փոխանցեց կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Արամ Կարապետյանը բուժման նպատակով Մոսկվայում է: Հրաչյա Սարգսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Հրաչյա Սարգսյանը նշեց, որ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրն իր համար է պայքարում, եւ կոչ արեց ներկաներին` հաջորդ հանրահավաքին իրենց հետ բերել եւս երկու հոգու:
«ԺՈՒԿ» փոխնախագահ Վարդան Գրիգորյանն իր խոսքում հիշեց ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր այլեւս մեզ հետ չեն, ինչպես օրինակ` Մանուկ Գասպարյանը: «Նրանք երկնքից են մեզ հետեւում»,-ասաց նա: