Հետաքրքիր ընտրություն է սպասվում
06:24, August 23, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունք | Տեղական ժողովրդավարությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրությունների շուրջ
Պարոն Սաքունց,Վանաձորում խորհրդարանական ընտրություններից հետո, երբ թիվ 30 ընտրատարածքում պատգամավորի մեծամասնական ընտրակարգով ընտրվեց անկուսակցական փաստաբան-իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, շատերը սա պայմանավորեցին Վանաձորում քաղաքացիական հասարակության ինստիտուտի կայացմամբ: Հնարավո՞ր է երկարամյա քաղաքապետին էլ փոխելու ցանկություն լինի, քանի որ քաղաքացիական սեկտորը նույնպես ընդգրկված է քաղաքապետի ընտրություններում:
Հանրապետության երկու քաղաքներում՝ Վանաձորում և Գյումրիում, ոչ կուսակցական, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ ՀՀ-ում փորձ են անում մասնակցել ընտրական պրոցեսներին, և իրենց ձևավորած սկզբունքները նոր բնագավառում փորձության են ենթարկելու: Նրանք հայտ են ներկայացնում տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում որոշումների կայացման վրա անմիջականորեն մասնակցություն ունենալու: Ըստ էության՝ Էդմոն Մարուքյանի ընտրվելուց հետո նախադեպի շարունակությունն է ՏԻՄ-ի ընտրությունների ժամանակ, և սա հետաքրքիր պրոցես է:
Գյումրիի համեմատ, տարբերությունն այն է, որ Գյումրիի գործող քաղաքապետը չի առաջադրվել, և քաղաքապետի նոր թեկնածու է առաջադրվում ԲՀԿ-ի կողմից, որի համար ավելի հեշտ է այն իմաստով, որ նա պետք նոր մոտեցումներ առաջարկի, որը գործունեության տեսակետից փորձության չի ենթարկվել: Մեզ մոտ տարբերությունն այն է, որ մեր գործող քաղաքապետն արդեն տասներեք տարի շարունակում է պաշտոնավարել, իր գործունեության մասին քաղաքացիներն ավելի քան իրազեկ են, գիտեն ինչպես է աշխատել, և եթե որևէ բան առաջարկի, պետք է անպայման ինչ-որ այնպիսի բան առաջարկի, որ նորություն լինի, այլապես մի հարց կա՝ բա այսքան ժամանակ ինչո՞ւ չէիր խնդիրները լուծում: Մյուս կողմից, շատ կարևոր է, թե մյուս թեկնածուներն ինչ են առաջարկելու, արդյոք կարո՞ղ են իրական այլըտրանք հանդես գալ գործող քաղաքապետին թե ծրագրերի, թե մոտեցումների առումով, որ կարողանան ընտողին այնպիսի բան առաջարկել, որ ընտրողը իրական այլընտրանք տեսնի՝ սա է ամենամեծ ինտրիգը Վանաձոր քաղաքում: ԲՀԿ-ի ներկայացուցչի մասին, որը երկար ժամանակ փոխմարզպետ է աշխատել, շատ քիչ ինֆորմացիա կա որպես փոխմարզպետ, փաստաբան Կարեն Թումանյանը մեր կազմակերպությունում երկար ժամանակ իրավաբան է եղել, 2006-ից արդեն փաստբանական ծառայություն է մատուցել, իրեն ավելի շատ գիտեն որպես փաստաբան, և իր փաստաբանական ծառայությունների ընթացքում քաղաքացիների հետ այս կամ այն չափով առնչվել է, նա պետական ապարատի ներկայացուցիչ չի հանդիսանում, և այստեղ ամենամեծ պայքարը և ինտրիգը, իմ կարծիքով, Թումանյան Կարեն-Դարբինյան Սամվել՝ որպես գործող քաղաքապետի, դաշտում է գտնվում:
Ըստ Ձեզ, ինչո՞ւ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հաշվեհարդար տեսան, սակայն Սամվել Դարբինյանի նկատմամբ չեղավ: Տարբերությունը ընտրությունների արդյունքնե՞րն էին. սակայն Վանաձորում էլ ՀՀԿ-ի առաջադրած մեծամասնական թեկնածուն չանցավ: Չէ՞ որ երկու քաղաքներում էլ մեծ հաշվով պարտություն էր կրել ՀՀԿ-ն:
Վանաձորում միայն թիվ 30 ընտրատարածքում այլ արդյունքներ եղան, մյուս ընտրատարածքներում՝ Վանաձորի առանձին հատվածները և բնակավայրերը, 29 ընտրատարածքում կամ 31-ում ՀՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք չունեին մրցակցային ֆիգուրներ, դրա համար հաջողություն ունեցան: Իսկ 30 ընտրատարածքում Վիկտոր Դալլաքյանը, որը ժամանակին ՀՀԿ-ին ակտիվորեն քննադատում էր, դարձավ ՀՀԿ անդամ, այս քայլը ընտրազանգվածը չհասկացավ, իսկ Էդմոն Մարուքյանը որպես փաստաբան կարողացավ այդ այլընտրանքը ներկայացնել, այն այլընտրանքը, որը ժամանակին ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանը, նախորդ ընտրությունների ժամանակ: Եթե նայենք տվյալները, Վանաձոր քաղաքում ՀՀԿ-ն 21.000 ձայն հավաքեց, բայց այն ջանքերը, որ կիրառվեցին ՝ վարչական ռեսուրսներ, ընտրակաշառքներ, կարող ենք ասել, որ սարը մուկ ծնեց: Բայց պետք է տարբերել Ազգային ժողովի ընտրությունը ՏԻՄ ընտրություններից, որովհետև ՏԻՄ ընտրության ժամանակ տեղական նշանակության գործոնները շատ մեծ և էական նշանակություն են ունենում: Մի կողմից թվում է, թե գործող քաղաքապետը մեկնարկային տեսակետից ուժեղ է, քանի որ տիրապետում է ինչ-ինչ լծակների, մյուս կողմից խոցելի է այնքանով, որ շատ հեշտությամբ է գնահատվում, շատ ավելի ակնառու են նրա՝ որպես քաղաքապետի, գնահատականները քաղաքացիների մոտ, և այստեղ է ինտրիգը: Լոռու մարզպետը իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ հիմնական միցակցությունը լինելու է ՀՀԿ-ի և անկուսակցականների միջև, ոչ թե ՀՀԿ և ԲՀԿ-ի միջև: Այստեղ գործունեության ծավալի տեսակետից անկուսակցականների շրջանում առանձնանում է փաստաբան Կարեն Թումանյանը, և այստեղ կարևոր է՝ ինչքանով ինքը կկարողանա կազմակերպել իր նախընտրական քարոզչությունը և նաև ինչքանով կկարողանա դիմագրավել հնարավոր ընտրակաշառքներին, վարչական ռեսուրսների կիրառմանը:
Այստեղ, այնուամենայնիվ, իրական այլընտրանքի հանդես գալու հնարավորությունները շատ ավելի մեծ և հզոր ռեսուրս են և մեծ ազդեցություն կարող են ունենալ, քան վարչական ռեսուրսների օգտագործումը, որովհետև Վանաձորի ընտրողը, այնուամենայնիվ, ցույց է տվել, որ իր համար շատ ավեի կարևոր է, երբ ինքն ունի իրական ընտրության հնարավորություն, և նրա վրա էապես չեն ազդում մյուս ընտրական գործոնները: Կարծում եմ՝ մեզ հետաքրքիր ընտրություններ են սպասվում:
Վարդանիկի նկատմամբ դաժան հաշվեհարդար էր իրենց տեսակետից, բայց վերջին հաշվով ՏԻՄ ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև, այսինքն՝ կատարած գործողությունների համար, համայնքային ռեսուրսների օգտագործման համար. վերահսկիչ պալատը լուրջ ուսումնասիրություններ է կատարել, և դա պետք է դառնա դիսկուրսի առարկա:
Հնարավո՞ր է արդյոք ընտրությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը հենց մարզերից գա:
Կարծում եմ՝ կա շանսը, որովհետև ինչքան գոծող քաղաքապետերն են երկարատև աշխատել, այնքան էլ քաղաքացիական ինստիտուտներն են երկարատև աշխատել, և ընտրողն էլ հոգնել նույն դեմքերից, հովանավորչությունից, ցեղային կապերով ստեղծված կառավարման մեխանիզմից, կլանային մոտեցումներից: Այս անգամ ես շատ մեծ մրցակցություն և պոտենցիալ եմ տեսնում ժողովրդավարությունը ներքևից սկսելու քայլերի ուղղությամբ:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/interview-lrahos70049.html