Հետխորհրդային տարածքում դիմադրության օջախները՝ որպես ԽՍՀՄ վերականգնման ծրագրի պատճառահետևանքային կապ. կարծիքներ
14:25, February 21, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2008թ. վրաց-ռուսական պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ հետխորհրդային նախկին հանրապետությունների նկատմամբ կա ռուսական ազդեցության վերականգնման, իսկ ավելի կոնկրետ՝ ԽՍՀՄ վերականգնման ծրագիր, և, հետևաբար, այդ երկրներում, որպես բնական արձագանք առաջանում են և առաջանալու են դիմադրություններ՝ որպես պատճառահետևանքային կապ: Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Կիևի հետ Մայդանի հետ համերաշխության նորաստեղծ կոմիտեի անդամ, Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Դիմադրության կոմիտեներ չասենք, բայց դիմադրությունը հետխորհրդային տարածաշրջանում պուտինյան քաղաքականության նկատմամբ հանդիսանում է երաշխիքներից մեկը այդ երկրներում ժողովրդավարության հաստատման համար»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ ներկայացվել էր Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե ստեղծելու մասին հռչակագիրը, որում, նշված էր, որ Ուկրաինայում ծավալվող գործընթացները էական ազդեցություն են ունենալու հետխորհրդային երկրների ապագայի, հատկապես ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վրա:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով նույնպես ստորագրել է Կոմիտեի հռչակագրի տակ, ասաց. «Գլխավորն այն է, որ հիմա՝ խորհրդային միության փաստացի իրավաբանական կոլապսից 22-23 տարի անց՝ Խորհրդային միության նախկին հանրապետությունների մնացած մասի համար իսկական կռիվ է գնում: Իհարկե, դա չի հայտարարվում, չի խոսվում, բայց ես հասկանում եմ հենց այդպես»:
Ի պատասխան հարցի, թե ինչու ՌԴ-ն այդ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների անկախացումից հետո 25 տարի անց միայն որոշեց իրագործել այդ ծրագիրը, թե՞ դա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարն է, ընդդիմադիր հասարակական գործիչն ասաց.«20 տարի անց չէ, որովհետև գաղափարը մշտապես եղել է և իմ խորին համոզմամբ կայսրությունների ծնվելու, զարգանալու, ուռելու, ապա նիհարելու, քանդվելու պատմական բազմաթիվ օրինակները դա են հուշում: Կայսրությունները մի 500 տարի տևում են, և Ռուսաստանն էլ այդ իմաստով աճում է, հետո որոշ մասով նահանջում է, նիհարեց, բայց փորձում է նորից իր տիրույթները վերականգնել»։
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է Թուրքիային, որը կորցրեց Օսմանյան կայսրությունը, որն այս կորուստների շարանի մեջ փորձում է նաև հետ նվաճել՝ Հյուսիսային Կիպրոս, մյուս աչքը՝ Սիրիայի կողմը և մնացած ուղղություններով:
Ըստ Լևոն Բարսեղյանի՝ սա նորմալ է «իրենց պետության դրվածքից, մտածողության» ու ազգային շահի տեսանկյունից: «Մեղադրական բան չկա այստեղ, որ իրենց շահերից ելնելով՝ փորձում են անել այդ, որովհետև բոլոր իշխանությունները չէ, որ մեր իշխանությունների նման են՝ համակերպված, ժողովրդի նկատմամբ՝ անտարբեր, և երկրներ կան, որոնք փորձում են իրենց երկրները մեծ պահել, զորավոր դարձնել»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ բացի Մայդանի քաղաքացիներին համերաշխությունից ու զորակցությունից, նշվում էր, որ Կոմիտեն Մայդանին պետք է ցուցաբերի քաղաքական ու բարոյական աջակցություն, մեր հասարակության և արտերկրում ապրող հայերի շրջանում տարածի ճշմարիտ և հավաստի տեղեկատվություն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ազատության զգացումն ու մարդկային արժանապատվությունը՝ անկախ բնակության վայրից, ազգությունից, համոզմունքներից ու սոցիալական վիճակից, ըստ Արթուր Սաքունցի՝ մարդու բնական ձգտում է:
«Այնպես, որ այստեղ ծրագրավորում չէ, ծրագրավորումն ավելի շատ Պուտինինն է՝ իր քաղաքականությամբ, որը հանգեցնում է նպանատիպ երևույթների տարբեր երկրներում: Այն է՝ դիմադրության»,- ասաց Արթուր Սաքունցը՝ ի պատասխան հարցի, թե իր կարծիքով բոլոր երկրներում նման կոմիտենե՞ր են ստեղծվելու:
Ի պատասխան հարցի, թե ինչպես է արտահայտվելու բարոյական ու քաղաքական աջակցությունը, Արթուր Սաքունցն ասաց.«Նախ, առաջին հերթին,կարևոր է, որ Մայդանում պայքարողները իմանան, որ իրենք աջակցություն են վայելում ոչ միայն Ուկրաինայում, այլև՝ այլ երկրներում: Նաև, որ Մայդանում կատարվող անմարդկային բռնությունների ապօրինությունների վերաբերյալ կահազանգենք նաև միջազգային ատյաններ, որպես միջազգային աջակցության ու համերաշխության քաղաքական դրսևորում, ինչպես նաև հանրային ձայն՝ իրազեկման, նաև Հայաստանում»:
Արթուր Սաքունցը հավելեց, որ իրենց նպատակներն ու գործողությունները շատ լայն են, քանի որ թյուր է պատկերացումը, թե Մայդանը հեռու է: «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները 3 ամսվա իրադարձություններն արդեն բավարար են հստակ ախտորոշելու, թե ինչ գործոններ են առկա և ինչպես են դրսևորում մայդանցիների նկատմամբ»,– ասաց նա:
«Եվ ռուսական վարչակազմը նույն բռնապետական ծրագրեր ունի նաև հետխորհրդային այլ հանրապետությունների համար: Եվ մասնավորապես, նրա ուղղակի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ին, որովհետև ինքը քաղաքական աջակցություն տվեց այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև Պուտինի հետ հանդիպումից հետո Քոչարյանը վերադարձավ և մարտի 1-ին իրականացրեց սպանությունները»,- ավելացրեց իրավապաշտպանը:
Թե ի՞նչ զարգացումներ ու հանգուցալուծում կլինի Ուկրինայում, ըստ Լևոն Բարսեղյանի՝ դրանից է կախված մի շարք սովետական նախկին հանրապետությունների ու Հայաստանի ճակատագիրը: «Ւսկ եվրոինտեգրվելը-չինտեգրվելը, դրանք ուղղակի բխում են այս առաջինից»,- ասաց գյումրեցի հասարակական գործիչը: