Հերքում
14:40, August 29, 2012 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2012 թվականի օգոստոսի 27-ին «Առաջին լրատվական» կայքում հրապարակված «Կարող ա քեզ բռնաբարեմ… ». Նարեկը Ս. Սարգսյանին խնդրում է պաշտպանել ոստիկաններից» վերնագրով հոդվածի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ հոդվածում զետեղված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք ստուգվել ու հերքվել են նախապատրաստված նյութերով:
Այսպես.
2012 թվականի օգոստոսի 17-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Սաթիկ Վարոսյանը հաղորդում է տվել ոստիկանության Վանաձորի բաժնում այն մասին, որ 2012 թվականի հուլիսի կեսերին Վանաձոր քաղաքի բնակիչ Համլետ Սաղումյանը վիճաբանել է ամուսնու՝ Սուրեն Բադալյանի հետ, իսկ մի քանի օր հետո նաև ծեծի է ենթարկել նրան ու պատճառել մարմնական վնասվածք:
Սաթիկ Վարոսյանն իր բացատրությունում հայտնել է նաև, որ վերոհիշյալ վիճաբանությանը ներկա է գտնվել Վանաձոր քաղաքի բնակիչ Նարեկ Ափինյանը, որի հիման վրա էլ վերջինս 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 00:30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին, որտեղ նրան գրավոր պարզաբանվել են մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող իրավունքները:
Այնուհետև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արամ Ղազարյանը և ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արտյուշա Հարությունյանը Նարեկ Ափինյանի հետ անցկացրել են օպերատիվ հարցազրույց, ապա` վերջինս ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Տիգրան Հակոբյանի մոտ բացատրություն տալուց և Սաթիկ Վարոսյանի հայտնած հանգամանքները հաստատելուց հետո հեռացել է ոստիկանության Վանաձորի բաժնից:
2012 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդումն այն մասին, որ 2012 թվականի օգոստոսի 18-ին նշված կազմակերպություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Նարեկ Ափինյանը և հայտնել, որ 2012 թվականի օգոստոսի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև` բռնություն գործադրելով հարկադրել են բացատրություն տալ:
Այդ կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Արամ Ղազարյանը, Արտյուշա Հարությունյանը և Տիգրան Հակոբյանն իրենց բացատրություններում հերքել են Նարեկ Ափինյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հայհոյելու, բացատրություն տալուն հարկադրելու, ինչպես նաև նրան ծեծի ենթարկելու հանգամանքները: Դրա հետ մեկտեղ, կարծիք են հայտնել, որ Նարեկ Ափինյանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին սուտ տեղեկություններ է տվել այն պատճառով, որ կասկածի տակ դրվի Համլետ Սաղումյանի կողմից Սուրեն Բադալյանին ծեծի ենթարկելու հանգամանքն հաստատող իր բացատրության իսկությունը:
Նարեկ Ափինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքն հերքվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ համաձայն որի նրա մարմնի վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Ավելին, իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և իրեն ծեծի ենթարկելու հանգամանքները ժխտել է նաև Նարեկ Ափինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված բացատրությունում:
Նարեկ Ափինյանը մասնավորապես հայտնել է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին տրամադրած իր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ սուտ տեղեկություն տրամադրելու` իր նպատակը եղել է այն, որ ոստիկանության աշխատակիցներն այլևս իրեն չանհանգստացնեն և ոստիկանության բաժին չհրավիրեն:
2012 թվականի օգոստոսի 24-ին կայացված որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, որի մասին սահմանված կարգով հայտնվել է ինչպես Նարեկ Ափինյանին, այնպես էլ` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին: