ՀՀ զինված ուժերում մահացածների թիվը գաղտնիք համարվել չի կարող
00:00, June 30, 2010 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր2010 թ. հունիսի 30-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ դատական նիստ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշպանության նախարարության՝ “ՀՀ ՊՆ նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին” հրամանը, անվավեր ճանաչելու եւ պարտավորեցնելու ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պահանջի մասին:
2010 թ. փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը որպեսզի “Տեղեկատվության ազատության մասին”ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրել 2009 թ. ՀՀ զինված ուժերում մահացած ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների թիվը, նրանց անուն ազգանունները եւ հասցեները: Պաշտպանության նախարարությունը մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը “ՀՀ ՊՆ-ի գաղտնագրման ենթակա ընդլայնված գերատեսչական ցանկի մասին” հրամանի համաձայն համարվում է գաղտնիք:
Կազմակերպությունը 2010 թ. փետրվարի 27-ին կրկին անգամ դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն՝ այս անգամ պահանջելով տեղեկատվության մերժման հիմքում ընկած “ՀՀ ՊՆ-ի գաղտնագրման ենթակա ընդլայնված գերատեսչական ցանկի մասին” հրամանը:
Այս անգամ եւս պաշտպանության նախարարությունը տվյալ հարցումը մերժել է՝ պատճառաբանելով, որ վկայակոչված հրամանը եւս համարվում է գաղտնիք:
2010 թ. ապրիլի 7-ին կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել՝ ՀՀ վարչական դատարան “ՀՀ պաշպանության նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին” հրամանը անվավեր ճանաչելու եւ պարտավորեցնելու ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին:
Նախնական նիստի ժամանակ կազմակերպությունը միջնորդություն ներկայացրեց հայցի առարկան փոխելու մասին: Ներկայացված հայցապահանջը լրացվեց հետեւյալ կերպ՝ ճանաչել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը:
Դատարանը նշված միջնորդությունը բավարարեց:
Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով կարող է արծածվել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է պարունակել պետական եւ ծառայողական գաղտնիք, որոշեց դատաքննությունը շարունակել դռնփակ:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց 2010 թ. հուլիսի 22-ին՝ ժամը 11:45: