ՀՀ Լոռու մարզի քաղաքներում մեկնարկեցին զորակոչիկների և զինծառայողների իրազեկման դասընթացները
14:07, June 20, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2013 թ. հունիսի 17-ին և 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում իրականացվեցին սեմինար-դասընթացներ, որոնք ուղղված էին զորակոչի և զինծառայության ընթացքում զորակոչիկների և ապագա զինծառայողների պարականությունների և իրավունքների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Դասընթացներին մասնակցում էին Վանաձոր եւ Սպիտակ քաղաքների, ինչպես նաեւ մոտակա գյուղերի զորակոչիկները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ մասնակիցներ, որոնք նպատակ ունեն որպես պայմանագրային զինծառայողներ ընդգրկվել զինված ուժերում: Դասընթացին ներկա էր նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Անդրեաս Սամփսոնը:
Դասընթաց-սեմինարի ընթացքում ներկաներին մանրամասն բացատրվեցին զորակոչը եւ զինծառայությունը կարգավորող իրավական ակտերի դրույթները, մասնավորապես՝ այն պարտականություններն ու իրավունքները, որոնք վերապահված են զորակոչիկների կամ զինծառայողների կցագրման, զինծառայությունից ազատման եւ տարկետման, զինծառայության ընթացքում բողոքարկման, խրախուսանքների, տույժերի եւ արձակուրդների տրամադրման դեպքում:
Բացի այդ, դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված նյութեր, իրավական տեղեկատվական գրքույկ, որը հնարավորություն կտա զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին ունենալ մատչելի տեղեկատվություն զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների ու պարտականությունների մասին:
Հաջորդ երկու դասընթաց-սեմինարները նախատեսված են իրականցնել 2013 թ-ի հունիսի 27 և 29-ին Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում:
Դասընթաց-սեմինարները անց են կացվում ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է այս տարվա ապրիլ-օգոստոս ամիսներին: