ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է տրամադրել տեղեկատվություն
00:00, July 1, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Կոռուպցիայի կանխարգելում2010 թ. հունիսի 30-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության դատական գործի քննությունը:
2010 թ. մարտի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի համաձայն դիմել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկատվություն ստանալու նպատակով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը խնդրել էր տրամադրել 2009 թ. հունվարի 1-ից մինչեւ 2010 թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործը կարճելու մասին որոշումների պատճենները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2010 թ. մարտի 25-ին պատասխան գրությամբ մերժել էր կազմակերպությանը տրամադրել պահանջված տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար պատշաճ եւ իրավասու անձ չի հանդիսանում:
Կազմակերպությունը 2010 թ. ապրիլի 9-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատական նիստի ժամանակ կազմակերպությունը հայցադիմումը լրացնելու մասին միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով Ճանաչել կազմակերպության տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը:
Կազմակերպության կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարեց:
Պատասխանող կողմը չէր ներկայացել դատական նիստին՝ նախապես միջնորդելով դատավարությունն անցկացնել իր բացակայությամբ:
Սակայն, քանի որ պատասխանող կողմը, ներկա չլինելով նիստին, զրկված էր կազմակերպության ներկայացրած միջնորդությանը ծանոթանալու եւ ցանկության դեպքում առարկություն ներկայացնելու հնարավորությունից, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել եւ կազմակերպության միջնորդությունն ուղարկել պատասխանողին՝ ծանոթանալու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2010 թ. հուլիսի 22-ին, ժամը 11:00-ին: