« ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅ ՔԵԶ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ»
11:52, August 28, 2013 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն, Մտքի, խղճի և կրոնի ազատություն, Սոցիալական իրավունքներ, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2013 թ. օգոստոսի 27-ին ժամը 13:00-ից ՀՀ ոստիկանության դիմաց մեկնարկեց ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ հավաք-երթը: Թեև նախօրոք տեղեկացվել էր, որ հավաքը տեղի է ունենալու անմիջապես ոստիկանության շենքի դիմաց, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդեց, թե հավաքի մասնակիցները փակում են ոստիկանության մուտքը, և ինքը չի կարող նրանց անվտանգությունն ապահովել այդ տարածքում: Վ. Օսիպյանի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, երթի կազմակերպիչ Արթուր Սաքունցի բանակցություններից հետո հավաքը տեղափոխվեց ոստիկանության շենքի դիմացի մայթ, թեև այդպես էլ հասկանալի չէր, թե ինչպես կարող էին ոստիկանները հավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովել հակառակ մայթում, բայց ոչ՝ ոստիկանության շենքի հարակից մայթում:
Այնուամենայնիվ հավաքը տեղի ունեցավ: Նախ ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ հայտարարությունով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա դատապարտեց ոստիկանության կողմից ապօրինի և մարդու սահմանադրական իրավունքները ոտնահարող գործողությունները, ոստիկանության անգործությունը, ամենաթողությունն ու հովանավորչությունը «Հերերի պաշտպանության կոմիտեի» անդամների նկատմամբ, որոնք վերջին մի քանի օրերի ընթացքում հարձակվել են ակտիվիստների և նրանց համակիրների վրա: Ելույթներով հանդես եկան նաև Զարուհի Հովհաննիսյանը, Արգիշտի Կիվիրյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը: Հնչեցին պահանջներ պատժի ենթարկելու և քրեական գործեր հարուցելու այն ոստիկանների նկատմամբ, ովքեր ակտիվիստների հանդեպ բռնություն են կիրառել կամ անպատշաճ և անընդունելի վարք են դրսևորել: Արգիշտի Կիվիրյանը, ով օգոստոսի 27-ի հավաքից 2 օր առաջ ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, հայտարարեց. «Ոստիկանությունը փորձ է անում մեկուսացնել ակտիվ քաղաքացիներին, փորձ է կատարում հասարակության մեջ սերմանել վախի մթնոլորտ…. Այս ամենը համակարգված գործողություններ են, այս ամբողջը գալիս է ռեժիմի ծրագրված գործողություններից բնաջնջել ակտիվիստներին….. Ով է այսօր կանգնած որպես ռեժիմի հիմնասյուն, դա մի կառույց է, որը ոստիկանություն չի , դա սեռական անբավարարությամբ տառապող մի ոհմակ է, որի գործողությունները երևացին Կոմիտաս 5-ում»:
Ելույթների ավարտից հետո հավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ վանկարկելով՝ « ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅ ՔԵԶ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ»: Երթի մասնակիցներին ուղեկցում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողները, ովքեր նույնիսկ ամենանեղ մայթերով անցնելիս երթի մասնակիցներին չէին թույլատրում իջնել փողոց՝ պատճառաբանելով նրանց անվտանգությունը և փողոցային երթևեկության անխափանությունը ապահովելու անհրաժեշտությամբ: Երթի առաջին կանգառը ՀՀ գլխավոր դատախազությունն էր, որը նախապես շրջափակվել էր ոստիկանության կողմից, իսկ ակտիվիստները ստիպված էին զբաղեցնել ճանապարհի մի հատվածը: Հավաքի մասնակիցների պահանջները Զարուհի Հովհաննիսյանը հանձնեց դատախազություն, և մասնակիցները շարժվեցին դեպի քաղաքապետարան՝ հանդիպելու նստացույցի մասնակիցների հետ:
Հավաքի և երթի ամբողջ ընթացքին հետևում էր Վալերի Օսիպյանը, ով պարբերաբար զրուցում էր լրագրողների հետ: Լրագրողների հնչեցրած բազմաթիվ հարցերից ուշագրավ էր վերջերս ակտիվիստի վիզը համբուրած ոստիկանի վերաբերյալ հարցը, Օսիպյանը նախ փորձեց հերքել փաստը, ապա ասաց. «Ես նորմալ երևույթ եմ դա համարում, դե գիտեք ինչ, չկա էդպիսի բան, եթե աղջիկը մնում ա էնքան աղջիկ, մինչև որ նա կդիտարկվի որպես իրավախախտ աղջիկ, բոլորը հավասար են ինքը, արդեն երբ որ օրենք է խախտում, դառնում է իրավախախտ արդեն: Հասկանու՞մ եք, և ոստիկանության գործողությունները այս դեպքում օրինաչափ էին և համաչափ էին,իսկ եթե դուք ունեք այլ մեթոդ առանց դիպչելու, կպնելու ասեք, ես ինքս նաև շատ մոտ եմ եղել կանգնած կանանց, աղջիկներին, մեկի ձեռքը բռնած, մեկի կողքը բռնած հնարավոր ա… »:
Այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ ոստիկանների համար այսպիսի վերաբերմունքը և վարքագիծը «վերևներից» ձևավորված վարվելակերպ և քաղաքականություն է:
Այսքանով ավարտվեց օգոստոսի 27-ի երթը, սակայն մասնակիցներն ու կազմակերպիչները հետևողական են լինելու իրենց պահանջների կատարման հարցում և շարունակելու են պահանջել ոստիկանության համակարգի և առանձին աշխատակիցների ապօրինությունների անպատժելիության վերացում:
Ես նույնպես ենթարկվել եմ ոստիկանության կողմից առևանգման, գողացել են ինձանից 45000 դրամ, ենթարկելով ինձ ծեծի, սրսկելով զոռով, ասելով, որ եթե ձեզ այսպես բերել են ուրեմն վախեցած կլինեք:Այսօր ամեն տեղ միայն տականքներն են գումար աշխատում, իրենց միջոցով/ոստիկանության/:Խնդրում եմ գրել ձեր՝ Վանաձորի ՀՔԱ հասցեն:
Հարգելի Գրետա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրսենյակը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տիգրան Մեծի 59, (լուսնաձև շենքի առաջին հարկում): Մեր հեռախոսահամարներն են՝ 0322 4 22 68, թեժ գիծ 08000 12 11