ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգ Մելքոնյանի բողոքը
00:00, November 1, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Գևորգ Մելքոնյանի բողոքն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թ. հուլիսի 8-ին նախագահությամբ դատավոր Վարդուհի Հովնանյանի, մասնակի բավարարել էր Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի դիմումն ընդդեմ նույն գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանի՝ իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Դատարանը Վանո Եղիազարյանին վիրավորանք հասցնելու համար պարտավորեցրել էր Գևորգ Մելքոնյանին «Ժամանակ» օրաթերթի միջոցով հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ զրպարտության համար պարտավորեցրել նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները:
Դատարանը որոշել էր նաեւ Գևորգ Մելքոնյանից հօգուտ Վանո Եղիազարյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ, որպես պետական տուրքի համար նախատեսված գումար:
Գևորգ Մելքոնյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, պահանջելով բեկանել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:
Փաստորեն ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը և որոշումը թողել օրինական ուժի մեջ:
Կից ներկայացվում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: