ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի որոշումը
00:00, June 8, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2011 թ. հունիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Կոտայքի մարզի դատախազության վերաքննիչ բողոքն ընդդեմ Դերենիկ Գասպարյանի գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ճիշտ է և բողոքարկման հիմքեր չկան, իսկ որոշման օրինական ուժի մեժ մտնելուց հետո պետք է հարուցվի քրեական գործ և կատարվի նախաքննություն»,-նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զալյանը:
Ա.Զալյանը հույս հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշման մեջ կտա հստակ ցուցումներ, որպեսզի նախաքննության մարմինը կրկին չշեղվի նախաքննությունից և կատարի ճիշտ և օբյեկտիվ նախաքննություն:
Հիշեցնենք, որ Դերենիկ Գասպարյանը մահացել է 2010 թ. հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի արդյունքում: Տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»: Նախաքննության մարմինը քրեական գործ է հարուցել դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա, սակայն չի պարզել ո՛չ գործի հանգամանքները, ո՛չ որևէ մեկին մեղադրանք է առաջադրել:
2011 թ. մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Դատարանը բավարարել էր Ա.Զալյանի դիմումը՝ քննիչի կողմից քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին: Դատախազությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Կից ներկայացվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: