ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել ՀՔԱՎ-ի բողոքը
09:29, December 3, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունքՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վերադարձնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ:
ՀՀ վերաքննիչ դատարանը 2012 թ. հոկտեմբերի 16-ին մերժել էր կազմակերպության բողոքը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանելու, նոր դատական ակտ ընդունելու վերաբերյալ: Կազմակերպությունը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել կատարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թ. մայիսի 30-ի որոշումը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը`դատախազությանը պարտավորեցրել է վերացնել անձի իրավունքների ու ազատությունների խախտումները: Չնայած այս ամենին, ՀՀ դատախազությունը չի կատարել դատարանի որոշումը:
Հերթական անգամ ՀՀ վճռաբեկ դատարանը, առանց որևէ պատճառաբանության, որոշում է կայացրել կազմակերպության վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին: Ըստ այդ որոշման՝ բողոքի մեջ բացակայում են բողոքը վարույթ ընդունելու հիմքերը և դրանց հիմնավորումները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը 2010 թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ն առանց օրենքով նախատեսված հիմքերի պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այդ փաստը հայտնաբերել են երեք ՀԿ-ների ղեկավարները, ովքեր՝ որպես քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի ներկայացուցիչներ, այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ:
Կից ներկայացվում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը: