Հոգեկան առողջության քաղաքականություն մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ
14:05, March 19, 2012 | Նորություններ | Պացիենտների իրավունքներՀՀ Առողջապահության նախարարության և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի միջև ստորագրած փոխըմբռման հուշագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Հոգեկան առողջության քաղաքականություն մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Կրթության և գիտւթյան նախարարության, ՀՀ Ազգային Ժողովի, հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների, բարձրագույն կրթական համակարգի և հասարակական կազմակերպությունների` Հայկական հոգեբուժական ասոցիացիայի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Խնամք» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հիմնադրամի ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի ղեկավարն է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ, բժշկական գիտությունների թեկնածու` Արմեն Սողոյանը:
Փորձագիտական մակարդակով ներգրավված է Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության փորձագետ բժշկական գիտությունների դոկտոր` Ժոլթ Բուգարսզկին: Նախատեսվում է ներգրավել նաև այլ միջազգային և տեղական առողջապահության և իրավական ոլորտի մասնագետներին` հետագա փորձաքննական եզրակացության համար, մշակվելիք փաստաթուղթը առավել ամբողջական և ընդգրկուն դարձնելու նպատակով:
Հայեցակարգի նախնական տարբերակը նախատեսված է ներկայացնել քննարկման 2012թ. օգոստոսին: