Հոյակապ է. Արթուր Սաքունցը Արևելյան գործընկերության նոր փաստաթղթի մասին
17:05, February 13, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հոյակապ փաստաթուղթ համարեց՝ «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո» խորագրով փաստաթուղթը, որի աշխատանքային տարբերակն այսօր հրապարակել է«168 Ժամ» առցանց լրատվական կայքը :
«Այն, ըստ էության, գալիս է ամփոփելու Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի հետ կապված նախորդ ժամանակաշրջանի արդյունքները, և նաև կարևոր եզրահանգումներ է իր մեջ պարունակում, ինչը ժամանակին Ասոցացման համաձայնագրի մշակման փուլում հաշվի չէին առել: Սա, կարելի է ասել, վերաիմաստավորումն է այն գործընթացի, որը մինչ այժմ իրականացվել է։ Բացահայտ ամրագրում է այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվել »,- Tert.am-ին ասաց Արթուր Սաքունցը:
Ապա՝ որպես օրինակ բերեց 1-ին կետը, որում նշվում է. «Ավելացնել աջակցությունը Արևելյան գործընկեր երկրներում այնպիսի ծրագրով, ինչպիսին «Միասին ուժեղ ենք»-ն է, հատկապես՝ տարածելով տեղեկություններ Արևելյան գործընկերության (այսուհետ` ԱլԳ,- խմբ.) մասին և պատասխանելով ապատեղեկատվությանը` այդ թվում հանրային դիվանագիտության փորձագետների միջոցով»: Կամ 9-րդ կետը. «Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») ԱլԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար»:
Բավականին ուշագրավ է նաև 18-րդ կետը, որն ասում է. «Բարձրացնել պատրաստության մակարդակը, որպեսզի հետագայում հնարավոր լինի դիմակայել ԱլԳ առաջատարների նկատմամբ ներքին և արտաքին այնպիսի վտանգները կամ գործողությունները, ինչպիսիք են առևտրային էմբարգոները, ներգաղթյալների սահմանափակումները, հակամարտությունների գոտում լարվածության ավելացումը և այլն»:
Արթուր Սաքունցը այս փաստաթուղթն իր բովանդակությամբ բաժանում է 3 մասի:
Առաջինն այն է, որ ԵՄ-ն գործընթացների հրապարակայնությունն է ապահովում, ինչը նախկինում պատշաճ մակարդակի վրա չէր, քանի որ, թեև դիվանագիտական գործընթացներին զուգահեռ առկա էր քաղաքացիական հասարակության ներգրավում, բայց դրանք տարանջատ էին:
«Մասնավորապես խոսքը Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱԳ-ի դրույթների գաղտնիության մասին է, որովհետև համաձայնագրի կառուցվածքն ու ուղղությունները հայտնի էին, բայց այստեղ կարևորն այն է, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվում, պետք է լինեին շատ ավելի բաց»,- ասաց Արթուր Սաքունցը:
Երկրորդ. ըստ Արթուր Սաքունցի, այս փաստաթղթով կարևորվում է (սա ևս նախկինում չկար) զուգահեռ աշխատանքը Ռուսաստանի Դաշնության հետ: Արթուր Սաքունցը, այս համատեքստում հիշեց, որ ԱլԳ ֆորումներից մեկի ժամանակ հարց է բարձրացրել, թե որտեղ են Ռուսաստանի հետ կապված հարցերը, այսինքն՝ Ռուսաստանի գործոնը, ինչին ի պատասխան եվրոպացիները ի զարմանս Արթուր Սաքունցի հայտարարել են, թե մեկը մյուսի հետ կապ չունի: Բայց, փաստորեն, հիմա, ըստ բանախոսի, հասկացել են, որ «լավ էլ կապ ունի»:
Արթուր Սաքունցը նշանավորում է նաև այն, որ ԵՄ-ն առաջին անգամ կարևորում է կոնֆլիկտների առկայությունը և դրանց խաղաղ կարգավորման մեջ ԵՄ-ի ներգրավման դերը: «Այսինքն՝ ըստ էության գտնում են, որ գործոնները, որոնք խոչընդոտեցին կամ արգելեցին որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ուկրաինայի համար ստորագրումն ու նախաստորագրումը, դա էներգետիկ անվտանգությունն է, կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը, Ռուսաստանի՝ որպես քաղաքական գործոնի, աշխատանքը: Ես կարևորում եմ, որ շատ առաջնային է դրվում երկրներում իրական փոփոխությունների հանգամանքը: Եվ «ավելին՝ ավելիի դիմաց» այս սկզբունքը (Խրախուսել ԱլԳ-ի առաջատար երկրներին` կիրառելով «ավելին` ավելիի դիմաց» հայեցակարգը, այդ թվում` կարևորելով ԵՄ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորումը գոյություն ունեցող գործիքների և այժմյան երկարամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում)։ Եվ խոսքը քաղբանտարկյալների մասին է»,- ասաց իրավապաշտպանը:
Նա նշեց, որ քաղբանտարկյալներ կան ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում, քանի որ, ըստ Սաքունցի, անցյալ տարվա նոյեմբերից վերստին ունենք քաղբանտարկյալներ՝ ի դեմս Շանթ Հարությունյանի և երթի մյուս մասնակիցների ու պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի:
Ինչ վերաբերում է 9-րդ կետին, այն է՝ մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +» ԱլԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար, ապա, ըստ Սաքունցի, իրենք գտնում են, որ մենք , այնուամենայնիվ, ունենք զարգանալու ավելի լավ հնարավորություններ, և որ ամեն ինչ կորած չէ:
Որպես ամփոփում Արթուր Սաքունցը նշեց, որ փաստաթուղթն իր ամբողջությամբ «շատ ավելի վճռական է» այն իմաստով, որ որոշումների ընդունման ժամանակ Եվրամիությանը բնորոշ ժամանակատար պրոցեսը կրճատվում է: Այստեղ Արթուր Սաքունցը նկատի ունի Վրաստանին և Մոլդովային վերաբերող կետերը, որտեղ ասվում է, որ նախաստորագրումը պետք է լինի ոչ ուշ, քան 2014-ի օգոստոսը: Այսինքն՝ ըստ իրավապաշտպանի, ԵՄ-ում հասկացել են, որ ժամանակը շատ էական նշանակություն ունի նման համաձայնագրերի ստորագրման համար:
Արթուր Սաքունցը շատ մեծ կասկածներ ունի, որ վախենալով ռուսական ճնշումներից Հայաստանի իշխանությունները այն ստորագրելու համարձակություն կունենան:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2014/02/13/eastern-partnership-saqunc/