Հունիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում
00:00, July 30, 20082008թ. հունիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են թվով 15 քաղաքացիներ:
Վանաձոր քաղաքում քաղաքացիների կողմից բարձրացված 1 խնդիրը վերաբերվել է սոցիալական իրավունքի խախտմանը:
Առողջության պահպանման իրավունք
1. Երեխան հիվանդության հիմքով օգտվում է անվճար դեղորայք ստանալու օրենքով
սահմանված իրավունքից: Սակայն պոլիկլինիկան մերժում է տրամադրել համապատասխան դեղերը:
Պոլիկլինիկայի աշխատակիցների գործողությունները չեն համապատասխանում օրենքին, ուստի բողոքարկվել են վերադասության կարգով ՀՀ Լոռու մարզի առողջապահության վարչություն եւ ՀՀ Առողջապահության վարչություն:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմերին:
Սեփականության իրավունք
2. Քաղաքացին բանավոր պայմանավորվածությամբ 200 ԱՄՆ դոլար է վերցրել այն պայմանով, որ քիչ-քիչ կվերադարձնի: Իր պարտավորությունից չհրաժարվելով՝ փորձել է մարել պարտքը,
սակայն պարտատերը 2 անծանոթ տղաների հետ գիշերը մուտք է գործել նրա բնակարան, ուժ գործադրելով վերցրել քաղաքացու հեռուստացույցը եւ հեռացել:
Ուրիշի գույքի ապօրինի հափշտակումը, ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն, համարվում է քրեորեն պատժելի արարք, անկախ պարտքի առկայության հանգամանքից: Անհրաժեշտ է դիմել ոստիկանություն:
3. Իրավունք ունի՞ արդյոք դատարանի վճռով օգտագործման իրավունքով իրեն հատկացված տարածքը սեփականաշնորհել:
Քաղաքացուն տրված տարածքի օգտագործման իրավունքը հիմք չէ տվյալ տարածքի սեփականաշնորհման համար: Տվյալ տարածքի սեփականաշնորհումը թույլատրվում է միայն տվյալ գույքի սեփականատերերին, մինչդեռ դատարանի որոշմամբ քաղաքացուն տրվել է օգտագործման, ոչ թե սեփականության իրավունք:
4. Ինչպե՞ս կարող է համասեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի իր բաժինը ստանալ:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ համասեփականության իրավունքով մի քանի անձանց պատկանող գույքը համասեփականատերերի միջև մասերի բաժանվում է, եթե արդյունքում տվյալ գույքը, ինչպես նաև դրա մասերը չեն կորցնում իրենց հիմնական նշանակությունը: Օրինակ՝ համասեփականատերերի միջև հնարավոր չէ մասերի բաժանել երկու սենյականոց բնակարանը: Տվյալ դեպքում համասեփականատերերի միջև կարող է բաժանվել տվյալ գույքի դրամական արժեքը: Եթե համասեփականատերերի միջև գույքի կամ դրա դրամական արժեքի բաժանման վերաբերյալ համաձայնությունը բացակայում է, ապա նման պահանջով անհրաժեշտ է դիմել դատարան:
Ընտանեկան իրավունք
5. Ամուսնալուծությունից հետո ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունի ծնողը, եթե երեխան գտնվում է մյուս ծնողի խնամքի տակ:
ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնալուծությունից հետո ամուսինները պարտավորություններ են կրում միայն իրենց անչափահաս երեխաների նկատմամբ: Օրենքի համաձայն՝ ամուսնալուծությունից հետո ծնողները հավասար չափով պարտավորվում են մասնակցել երեխայի դաստիարակությանը, հոգալ երեխայի ապրուստի միջոցները՝ վճարել ալիմենտ:
6. Ինչպե՞ս կարելի է հաստատել հայրության փաստը, եթե երեխայի ծնողները օրենքով սահմանված կարգով ամուսնացած չեն եղել եւ երեխայի մայրը չի ընդունում հայրության փաստը:
ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ կողմերի միջև համաձայնության առկայության դեպքում հայրության փաստը գրանցվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմին համատեղ դիմում նրկայացնելով: Կողմերի միջև անհամաձայնության դեպքում հայրության փաստը ճանաչվում է դատական կարգով:
7. Ամուսնալուծությունից հետո կինը ի՞նչ իրավունքներ ունի ամուսնուն մինչև ամուսնությունը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ:
ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսինների համատեղ սեփականության կազմի մեջ չի ընդգրկվում մինչև ամուսնությունը ամուսիններին սեփականության իրավունքով պատկանած, ինչպես նաև ամուսնության ընթացքում նվեր ստացած գույքը, ուստի ամուսնուն մինչև ամուսնությունը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի նկատմամբ կինը ո°չ ամուսնության, ո°չ ամուսնալուծությունից հետո ոչ մի իրավունք ձեռք բերել չի կարող:
Քաղաքացիական իրավունք
8. Ինչպե՞ս կարող է գրանցվել մահվան փաստը, եթե քաղաքացին մահացել է այլ երկրում, դիակի համապատասխան հետազոտություն չի իրականացվել, մահվան վերաբերյալ բժշկական եզրակացություն և մահվան վկայական չի տրվել: Միաժամանակ տվյալ քաղաքացու ծննդյան վայրի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինը ևս համապատասխան փաստը չի գրանցել, չնայած այն հանգամանքին, որ քաղաքացին հուղարկավորվել է ՀՀ տարածքում:
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոչ ՀՀ տարածքում մահացած ՀՀ քաղաքացիների մահվան փաստի գրանցումը ՀՀ-ում իրականացվում է քաղաքացու մահվան վայրից մահվան փաստի վերաբերյալ տրված բժշկական եզրակացության հիման վրա /տեղեկանք/: Եթե նման տեղեկանքը բացակայում է, ծննդյան վայրի ՔԿԱ մարմինը մահվան փաստը կարող է գրանցել դատարանի որոշման հիման վրա: Ուստի նախ անհրաժեշտ է դիմել դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը՝ մահվան փաստը, հաստատելու դիմումով: Որպես ապացույց անհրաժեշտ է ներկայացնել հուղարկավորության վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան գերեզմանատնից:
9. Քաղաքացին ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, միաժամանակ նա ձեռք է բերել մեկ այլ երկրի քաղաքացիություն և համապատասխան անձնագիր, որի մասին օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությանը չի տեղեկացրել: Ի՞նչ կարգի պատասխանատվության կարող է ենթարկվել քաղաքացին:
«ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացին, որը ձեռք է բերել մեկ այլ երկրի քաղաքացիություն և այդ մասին օրենքով սահմանված կարգով չի տեղեկացրել Հայաստանի Հանրապետությանը, վճարում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
10. ՀՀ քաղաքացին այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում ո՞ր երկրի նկատմամբ
է իրականացնում իր զինվորական պարտականությունները:
«Զինծառայության մասին» ՀՀ օրենքով այլ պետության քաղաքացիություն ձեռք բերող անձը
չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, եթե նույնիսկ պարտադիր զինվորական ծառայություն արդեն անցել է երկրորդ քաղաքացիության երկրում:
Դատական ակտի բողոքարկման իրավունք
11. Ինչպե՞ս կարող է բողոքարկել բժշկասոցիալական հանձնաժողովի կողմից հաշմանդամության խումբ չտրամադրելու մասին ընդունված վարչական ակտը:
Բժշկասոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը՝ վարչական ակտը, կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով: Վերադասության կարգով բողոքարկելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, իսկ դատական կարգով բողոքարկելիս անհրաժեշտ է հայցադիմում ներակայացնել բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:
Ժառանգության իրավունք
12. Իրավական ի՞նչ մեխանիզմով է հնարավոր սեփականության իրավունքով իրեն պատկանող
գույքը հանձնել միակ զավակին, եթե ամուսինը մահացած է:
ՀՀ Քաղաքացիական օրենքսգրքի համաձայն՝ սեփականության իրավունքով անձին պատկանող գույքը քաղաքացու մահից հետո անցնում է այլ անձանց ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության միջոցով:
Ծնողները, երեխաները ամուսինը համարվում են առաջին հերթի ժառանգներ: Տվյալ դեպքում առանց որեւէ գործարքի, առանց կտակ կազմելու ծնողի մահից հետո նրա գույքը ժառանգաբար անցնում է երեխային: