Հունիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները
00:00, July 10, 20082008թ. հունիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական խորհրդատվության Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 4 քաղաքացիներ:
Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Ստեփանավան
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմերին:
Սեփականության իրավունք
1. Սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը բարեկամի միջնորդությամբ փոխանակել է մեկ այլ բնակարանի հետ: Արդյունքում փոխանակված բնակարանի սեփականատեր է գրանցվել ոչ թե ինքը, այլ բարեկամը: Ինչպե՞ս կարող է վերականգնել իր սեփականության իրավունքը:
Սեփականության իրավունքի շուրջ ծագած վեճը հնարավոր է լուծել դատական կարգով, հետևապես սեփականության իրավունքը կարող է վերականգնվել դատական կարգով: Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատելու համար անհրաժեշտ է տեղեկանք վերցնել անշարժ գույքի պետական կադաստրից այն մասին, թե մինչև բնակարանի փոխանակման գործարքի կնքումը սեփականության իրավունքով այն ում է պատկանել: Այնուհետև նոտարական գրասենակից վերցնել բնակարանի փոխանակման մասին նոտարական կարգով հաստատված պայմանագրի օրինակը, ինչպես նաև տեղեկանք այն մասին, թե արդյոք մինչև փոխանակման պայմանագրի կնքումը բնակարանի վերաբերյալ այլ գործարք կնքվել է, թե ոչ:
Կրթության իրավունք
1. Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում սովորող աշակերտին չեն թույլատրել մասնակցել ավարտական քննություններին:
Կառավարության որոշման համաձայն` 240 ժամ անհարգելի բացակայություններ ունեցող ավարտական դասարանի աշակերտները զրկվում են դպրոցի ավարտական քննություններին մասնակցելու իրավունքից: Այս դեպքում պետք է դիմել Լոռու մարզպետարան՝ դպրոցի ավարտական քննություններին մասնակցելու և ավարտական վկայական ստանալու հնարավորությունը պարզելու համար:
Բնակարանի իրավունք
2. Ստեփանավանի քաղաքապետի որոշմամբ օրդերով հատկացվել է 2 սենյականոց բնակարան, որի յուրաքանչյուր սենյակի նկատմամբ օգտագործման իրավունք են ձեռք բերել 2 քաղաքացիներ: Քաղաքացիներից մեկը մահացել է, որից հետո նրա թոռը փակել է բնակարանի ընդհանուր մուտքը՝ մյուսին զրկելով բնակարանի նկատմամբ իր իրավունքներից: Ինչպե՞ս կարելի է վերականգնել բնակարանի նկատմամբ իրավունքները:
Մեր կազմակերպության կողմից համապատասխան գրություն է կազմվել՝ ուղղված Ստեփանավանի ոստիկանության բաժին՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար: Ձեռնարկված միջոցառումների ընթացքի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Նախորդ ամսվա իրավախորհրդատվության արդյունքներ
2008թ. ապրիլին Ստեփանավանում իր շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել էր 81-ամյա Հայկանուշ Մանասյանը: Խնդիրը կայանում էր նրանում, որ նա միայնակ կենսաթոշակառու էր: Տեսողության հետ կապված խնդիրների պատճառով նա չէր կարողանում ներկայանալ, օրենքով սահմանված կարգով անցնել բժշկասոցիալական փորձաքննություն և ստանալ հաշմանդամության խումբ:
Կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել Լոռու մարզպետարան:
Մարզպետարանի միջնորդությամբ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվել է հենց Հայկանուշ Մանասյանի բնակարանում, տրվել հաշմանդամության համապատասխան խումբ:
Տաշիր
Տաշիր քաղաքում բարձրացված 1 խնդիրը վերաբերվել է առողջության իրավունքի խախտման փաստին:
Առողջության իրավունք
1. Հորը ծեծի են ենթարկել, դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին, սակայն համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել: Ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների գործողությունները բողոքարկել է նաև Լոռու մարզի դատախազությունում, սակայն նորից ոչինչ չի ձեռնարկվել: Ինչպե՞ս կարող է պաշտպանել հոր շահերը:
Կազմակերպությունը ստանձնել է ծեծի ենթարկված քաղաքացու շահերի պաշտպանությունը, պատրաստվել է հաղորդում՝ ուղղված Լոռու մարզի դատախազություն ոստիկանության Տաշիրի աշխատակիցների անգործության մասին:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքի մասին կտեղեկացնենք ավելի ուշ: