«Հրամանատարները սպանել են, հանցագործությունը գցել են էս անմեղ երեխեքի վրա». Մուսա Սերոբյանի մայր
12:13, December 6, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2012 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի գործով դատական նիստը:
Մինչ դատական նիստի սկսելը ամբաստանյալների հարազատները, ծնողները, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները «Պահանջում ենք արդարադատություն» և «Պահանջում ենք գտնել իրական մեղավորներին» վերտառությամբ ցուցանակներով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջ բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով արդարություն:
Բողոքի ակցիայի ընթացքում ամբաստանյալներից Մուսա Սերոբյանի մայրը ի լուր ամենքին հայտնում էր, որ ամբաստանյալները մեղավոր չեն. հրամանատարներն են մեղավոր. «Հրամանատարները սպանել են, հանցագործությունը գցել են էս անմեղ երեխեքի վրա ու հիմա արդեն 9 տարի է՝ մենք պահանջում ենք արդարություն: Թող մեր անմեղ երեխեքը դուրս գան ու գտնեն իրական մեղավորներին: Մենք պայքարելու ենք մինչև վերջ»:
Այս դատական նիստին չէին ներկայացել երկու մեղադրողները, տուժողներից մեկի իրավահաջորդը եւ ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
Տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը դատարան չէր ներկայացել առողջական խնդիրների պատճառով:
Նիստի ընթացքում ճառով հանդես եկավ տուժող Ռոման Եղիազարյանի մայրը:
«Որպես մահացած զինվորի մայր` դատարանից պահանջում եմ ամենավերջին պատիժը, եթե օրենքը չի անի, ես կանեմ, ես հրապարակում եմ՝ դաժան ձևով ես կվարվեմ, վախենալու ոչինչ չունեմ, պահանջում եմ ճիշտ դատեք, ճիշտ մեղադրեք: Որպես որդեկորույս մայր` ասում եմ` ամենավերջին տեղը կբողոքեմ, քանի տեսնում ու լսում եմ, մարդասպանները պետք է կրեն արժանի պատիժ, նույն ձևով, նույն ձողով, որով իմ տղուն են հարվածել, կգտնեմ ու դրանով իմ վրեժը կտեսնեմ»,- դատարանում հայտնեց Ռոման Եղիազարյանի մայրը:
«Դատարանից պահանջում եմ ճիշտ դատ, ճիշտ վճիռ, ամենավերջին ձևով, ես կմխիթարվեմ այդ ձևով»,-վերջում ավելացրեց Ռ. Եղիազարյանի մայրը:
Ամբաստանյալների շահերի պաշտպանը դատարանից ժամանակ էր խնդրել պաշտպանական ճառը ներկայացնելու համար, ուստի հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին:
Դատական նիստի վերաբերյալ այլ նյութեր`
Բերեք Մատաղիսի «Գելին» դատարան եւ նա կպատմի… – galatv.am
Որդեկորույս մայրը դատարանից պահանջում է խիստ պատիժ – tsayg.am
Անեծքներ ու կյանքից զրկելու սպառնալիքներ` Շիրակի դատարանում – aravot.am
Ջհանգիրյանը շարունակում է իր «գործը» – 168Ժամ
«Հանցագործին հովանավորում են Սերժը, Սեյրանը ». բողոք դատարանի մոտ – Հայելի.am
Մատաղիսի գործով դատական նիստ և բողոքի ակցիա – civilnet.am
Մատաղիսի գործով պահանջում են գտնել իրական մեղավորներին – iravaban.net
Մատաղիսի գործով դատական նիստը հետաձգվեց – hayatsk.am