Հրայր Թովմասյանի` «արդարության դեմ մեղանչելն» ու Շանթ Հարությունյանի հացադուլի դադարեցումը
11:22, January 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Քաղբանտարկյալներ«Շանթ Հարությունյանը հյուծված էր, մեր այցից 2-3 օր հետո տեղափոխվեց հիվանդանոց, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Իսկ հենց նոր տեղեկացա, որ Շանթ Հարությունյանը դադարեցնում է հացադուլը»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, հասարակական դիտորդական խմբի անդամ Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ տարեվերջին հասարակական դիտորդական խմբի անդամները հանդիպեցին «Կենտրոն» ՔԿՀ, հանդիպում ունեցան հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի հետ:
Արթուր Սաքունցը Շանթ Հարությունյանին համարում է քաղաքական բանտարկյալ ու մանրամասնում. «Այն հիմնավորումները, թե իբր նա խախտել է հասարակական կարգը, բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մարդիկ եղել են քաղաքացիական հագուստով և սադրել են: Որևէ քաղաքացի պարտավոր չէ և չի կարող իմանալ, որ քաղաքացիական համազգեստով անձը ոստիկան է: Իսկ ինչպե՞ս գնահատել այն, որ այդ անձը բռնի գործողություններ է կատարում խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ, և ոստիկանությունը գործողություններ չի իրականացնում: Շանթը նախապես զգուշացրել էր, որ եթե բռնություն գործադրվեր իրենց նկատմամբ, իրենք պատասխանելու են»: Ըստ Արթուր Սաքունցի` Շանթ Հարությունյանին տեսակցությունների և հեռախոսազանգերի` արգելանքի որոշումը ևս ապօրինի է և հետապնդում է Շանթին իր համախոհներից, հարազատներից ու հասարակությունից մեկուսացնելու նպատակ:
Մեր դիտարկմանը, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի ընդունում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, պարոն Սաքունցն այսպես արձագանքեց. «Արդարադատության նախարարը բավականին հետ է մնացել ԵԽ ի անդամ երկրի իրավական գործընթացներից, քանի որ պիտի հիշեցնեմ, որ ԵԽԽՎ-ն արդեն ընդունել է չափորոշիչներ, որոնց հիման վրա անձը կարող է քաղբանտարկյալ համարվել: Նա ուշադիր պիտի սերտի ԵԽԽՎ փաստաթղթերը, հատկապես այն երկրի համար, որը ԵԽ անդամ է»: Արթուր Սաքունցը այսպիսի եզրահանգում է անում. «Ելնելով ՀՀ տխուր պրակտիկայից` կարող եմ վստահորեն ասել, որ արդարադատության նախարարը տվյալ դեպքում մեղանչում է արդարության դեմ»:
Պարոն Սաքունցը հարց է բարձրացնում` «այդ դեպքում հացադուլավոր քաղբանտարկյալի համար, որի իրավունքն է հացադուլ անելը և պետությունը պարտավոր է` հանձինս արդարադատության նախարարի` պատշաճ պայմաններ ապահովելը, ինչո՞ւ չեն ապահովվում այդ պայմանները»:
Նա մատնանշեց այն, որ պետք է հացադուլ հայտարարած բանտարկյալը գտնվի առանձին և այլ ազատազրկվածների հետ չանցկացնի հացադուլը, որոնք սնունդ են ընդունում. «Բայց նման բան չի իրականացվում: Վահեն դեկտեմբերի 28-ից հացադուլը անցկացնում է խցում, որտեղ կան բանտարկյալներ, որոնք սնունդ են ընդունում»:
Աղբյուրը` http://www.aravot.am/2014/01/10/421359/