ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության
00:00, May 30, 2009 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՄայիսի 29-ին, Երևանում, ՀՀ Վարչական Դատարանում կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով նախնական դատական նիստ:
Նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդմոն Մարուքյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Նարինե Կարապետյանի:
Դեռևս այս տարվա սկզբին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության:
Մինչ այդ ՀՔԱ վանաձորի գրասենյակը մի քանի անգամ դիմել էր ՀՀ ՊՆ-ին ստանալու հետևյալ տեղեկությունները 2008 թ-ի գարնանային զորակոչի վերաբերյալ, ըստ Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջանների.
1. քանի՞ հոգի է ենթակա եղել պարտադիր զինծառայության
2. քանի՞ հոգու է տրվել ծանուցում զորակոչի մասին
3. քանի՞ հոգի են ստացել տարկետում և ի՞նչ տևողությամբ
4. քանի՞ հոգի են ստացել տարկետում
ա/ առողջական վիճակի պատճառով
բ/ ընտանեկան դրության բերումով
գ/ ուսումը շարունակելու համար
5. քանի՞ հոգի են դիմել «Ալընտրանքային ծառայության» անցնելու համար
քանի՞ զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն զորակոչից խուսափելու համար:
Կազմակերպությունը 2008 թ-ից իրականացնում էր «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագիրը:
Ծրագրի ընթացքում Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր եւ Սպիտակ քաղաքներում իրականացվել է զորակոչի մոնիթորինգ: Մոնիթորինգի արդյունքների հիման վրա նախատեսվում էր պատրաստել զեկույց, որի ամբողջացման համար անհրաժեշտ էր իմանալ վերոնշյալ լրացուցիչ տեղեկությունները:
Սակայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը մերժել էր տրամադրել տեղեկատվություն՝ պատճառաբանելով, որ դրանք համարվում են ծառայողական գաղտնիք:
Դատական նիստին կողմերը ներկայացրեցին իրենց փաստարկները, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2009 թ-ի հունիսի 26-ին, ժամը 16:00-ին: