ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության
00:00, May 31, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. հունիսի 1-ին`ժամը 10:30-ին, ՀՀ վարչական դատարանում /ք. Երեւան,
Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, 318 դահլիճ/ նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության գործի նախաքննությունը:
2010 թ. դեկտեմբերի 9-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Մարտիկ» հիմնադրամի կողմից ներկայացված մամուլի միջոցներով հրապարակված հաշվետվությունների օրինակները:
Համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի` հիմնադրամները հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են ՀՀ արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով մամուլում հրապարակված հաշվետվության օրինակը:
Չնայած այս ամենին, 2010 թ. դեկտեմբերի 16-ին ստացվել է պատասխան գրություն, որով մերժվել է տեղեկատվության տրամադրումն այն պատճառաբանությամբ, որ իրենք իրավասու չեն նման տեղեկատվություն տրամադրելուն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2011 թ. հունվարի 11-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ճանաչելու տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը և ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցնել տեղեկատվություն տրամադրելուն: