ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի
00:00, December 22, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2010 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահին տեղեկությունների տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատական նիստը վարում էր դատավոր Ա.Ալավերդյանը, նիստին մասնակցում էին հայցվոր կողմից փաստաբան Է.Մարուքյանը եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցը: Պատասխանող կողմը ներկա չէր:
Նախնական դատական նիստի ընթացքում դատավորի կողմից պարզվեցին նախնական դատական նիստի ընթացքում պարզաբանման ենթակա բոլոր հարցերը եւ դատարանը, ավարտելով նախնական դատական նիստը, որոշում կայացրեց դատաքննության անցնելու վերաբերյալ:
Դատաքննության նշանակման օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Տեղեկացնենք, որ 2010 թ. հունիսի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում էր ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով կազմակերպությանը տրամադրել տեղեկատվություն 2008 թ. մինչ օրս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված խուզարկությունների թույլտվության մասին որոշումների եւ նշված ժամանակահատվածում խուզարկությունների միջնորդությունները մերժելու մասին որոշումների պատճենները:
2010 թ. հունիսի 25-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից ստացվել էր պատասխան, որով մերժվել էր պահանջվող տեղեկատվության տրամադրումը: