ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վ. Գասպարյանի գործով դատաքննությունը շարունակվում է
09:05, June 26, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Զինված ուժեր2012 թ. հունիսի 27-ին՝ ժամը 16:40-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործի դատաքննության շարունակությունը:
Նախորդ դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը պահանջել է, որպեսզի պատասխանող Վ.Գասպարյանը հրապարակավ ներողություն խնդրի «Հրապարակ» թերթի եւ հեռուստատեսային «Զինուժ» ծրագրում Արթուր Սաքունցի գործարար համբավին հասցրած զրպարտչական արտահայտւթյունների համար եւ հատուցի 10 ՀՀ դրամ:
Նշանակված դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը կներկայացնի իր առարկությունները:
Կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները:
Կազմակերպությունը գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ: