«Ճանապարհային քարտեզի» պահանջները հակասում են Սահմանադրությանը եւ միջազգային կոնվենցիաներին
05:52, February 5, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզով», որը հրապարակված է ՀՀ կառավարության կայքէջում, պետք է իրականացվեն բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, Հայաստանի կողմից արդեն իսկ ստորագրված միջազգային պայմանագրերի փոփոխություններ, Մաքսային միության շրջանակներում միջպետական պայմանագրերի ստորագրում, ինչպես նաև Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու միջազգային պայմանագրի ստորագրում: Ընդ որում, Մաքսային միությանը միանալու համար օրենսդրական լայնածավալ փոփոխություններ են կատարվելու ոչ միայն մաքսային և հարկային ոլորտներում, այլև Հայաստանի քրեական և վարչական օրենսգրքերում:
Ինչպե՞ս են վերաբերվում ՀՀ օրենսդրական փոփոխություններին իրավապաշտպանները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 249 էջից բաղկացած այդ փաստաթուղթը, որը ենթադրում է բազմաթիվ փոփոխություններ, մշակվել եւ իրականացվելու է բավականին սահմանափակ ժամկետում:
«Սեպտեմբերի 3-ից մինչեւ փետրվար այդ կարճ ժամանակաշրջանում 4 ամսվա ընթացքում նման ծավալուն փոփոխությունների վերաբերյալ ծրագրի կազմումը արդեն իսկ խիստ կասկածելի է: 3,5 տարի Ասոցացման համաձայնագրի համար աշխատանքներ էին տարվում, իրավիճակների վերաբերյալ մոնիթորինգներ էին տարվում, մշակվել էր, թե ինչ հանձնարարություններ պետք է պետությունը կատարի: Հիմա շատ կարճ ժամանակաշրջանում մի փաստաթուղթ, որը պետք է նստենք եւ ուսումնասիրենք՝ որն է ճիշտ եւ սխալ, դա անհեթեթություն է»:
Սաքունցի խոսքերով՝ Հայաստանը, որը համարվում է ԵԽ անդամ երկիր, եթե հիմա նոր օրենսդրություն վավերացնի, կնշանակի նախ եւ առաջ պետք է ուժը կորցրած ճանաչի մինչ այդ վավերացրած մի շարք կոնվենցիաներ եւ որոշումներ:
«Մենք հանդիսանում ենք կոնվենցիան վավերացրած երկիր՝ կից բոլոր արձանագրություններով, Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանի որոշումներն էլ ենք ճանաչել, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը: Հանձինս այն պրակտիկայի, որ գոյություն ունի ՌԴ-ում՝ օրենսդրության փոփոխությունների, օրենսդրության կիրառման առումով, դրանք ակնհայտորեն հակասում են ԵԽ-ի սկզբունքներին: Խոսքը ե՛ւ քաղբանտարկյալների, եւ տնտեսական բնագավառում տնտեսվարողների նկատմամբ հետապնդումների, քրեական ոլորտում մարդկանց անհետացումների, ապօրինի դատավարությունների, ՀԿ-ների գործունեությունը կասեցնելու եւ այլնի մասին է: Բայց թե դա արդեն ավելի շատ Եվրոպայի խորհրդի համար է մարտահրավեր, որ ինքն ունի անդամ երկիր, որն իր ամբողջ քաղաքականությամբ հակասում է ԵԽ-ի սկզբունքներին: ԵԹե ՌԴ-ի հետ հարաբերություններում ԵԽ-ն ունի մտածելու բաներ,որովհետեւ վերջինս միջուկային երկիր է, ապա Հայաստանի հանդեպ չենք կարող ասել՝ ինչ կլինի»:
«Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավաբան Արտակ Զեյնալյանը ասաց, որ բոլոր դեպքերում այդ օրենսդրական փոփոխությունները ընդունելու է Ազգային ժողովը, եւ Աժ-ն կարող է դրանք չվավերացնել: Իրավաբանն ասաց նաեւ, որ ինքը հիմա դժվարանում է եւ հնարավոր չէ միանգամից ասել նաեւ, որ այդ օրենքներն ու փոփոխությունները կհակասե՞ն, թե՞ չեն հակասի միջազգայնորեն ստանձնած պայմանագրերին:
«Օրենքները արդյո՞ք կհակասեն միջազգայնորեն ստանձնած պայմանագրերին, թե ոչ․ դա հիմա դժվար է ասել, մինչեւ դրանք ընդունված չլինեն: Եթե այդպիսի հակասություններ կլինեն, ապա դրանք կարող են Սահմանադրական դատարանի կողմից հակասող եւ անվավեր ճանաչվեր, կարող են բողոքել նաեւ ՍԴ կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ դատարանը գործը քննելուց հետո կորոշի՝ տեղի ունեցե՞լ է մարդու իրավունքների խախտում: Իսկ հիմա ասել, որ նախագծում չեղած օրենքը արդյոք հակասում է կոնվենցիաներին, թե ոչ, դժվարանում եմ ասել»:
Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ ուշադրության արժանի այն հանգամանքը, որ Մաքսային միությունում պաշտոնական լեզուն ռուսերենն է: Իսկ սա նշանակում է, որ պաշտոնական բոլոր որոշումները կայացվում են ռուսերենով, ինչը իրավապաշտպանի խոսքերով՝ Հայաստանի Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարում է:
«Հակասահմանադրական է այն, որ կառավարության որոշումը ռուսերենով է: ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանում պաշտոնական լեզուն միայն հայերենն է»,- ասաց նա:
Աղբյուրը` http://galatv.am/hy/news/anaparhayin-qartezi-pahanjnery-hakasum-en-ahmanadrutyany-ew-mijazgayin-konvencianerin/