Ճնշումներ և սպառնալիքներ համագյուղացու նկատմամբ
00:00, January 23, 2009 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողություն2009թ. հունվարի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին իրավապահ մարմինների կողմից քաղաքացու նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ կիրառելու մասին:
2009թ. հունվարի 19-ին մեր կազմակերպություն է դիմել Լոռու մարզի Մագհովիտ գյուղի բնակիչ Վալոդ Մուկուչի Խառատյանը` ՀՀՈ ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ կիրառելու միջոցով քրեական գործ չհարուցելու մասին տեղեկատվությամբ:
Դեպքի նկարագրություն
Ըստ Վալոդ Խառատյանի` 2008թ. մայիսի 18-ին ինքը գյուղի արոտավայրից խոշոր ընտանի կենդանիներին հանդամասից տուն բերելիս գյուղի ծայրին հանդիպել է համագյուղացի Աղվան Մատինյանին և նրա կնոջը: Աղվան Մատինյանը բարձրաձայն հայհոյելիս է եղել: Վալոդ Խառատյանը զգուշացրել է նրան, թե անհարմար է բարձրաձայն նման հայհոյանքներ հնչեցնելը և շարունակել ճանապարհը: Քիչ անց Վալոդ Խառատյանը թիկունքից գլխին հարված է զգացել: Աղվան Մատինյանը ինչ-որ գործիքով հարվածել է Վալոդ Խառատյանի գլխին: Վալոդ Խառատյանի ոտքը վնասված է եղել, վերջինս վայր է ընկել, որից հետո Աղվան Մատինյանը շարունակել է հարվածել նրան այնքան, մինչև Վալոդ Խառատյանը կորցրել է գիտակցությունը: Աղվան Մատինյանը և նրա կինը Վալոդ Խառատյանին ուշագնաց վիճակով գցել են գյուղի ծայրի պատից այն կողմ ու հեռացել: Այս ամենին հեռվից հետևել է Աղվան Մատինյանի եղբայրը` Համլետ Մատինյանը:
Որոշ ժամանակ անգիտակից վիճակում մնալով` Վալոդ Խառատյանն ուշքի է եկել, գնացել հարևանի տուն: Հարևանի տնից Վալոդ Խառատյանը զանգահարել է գյուղապետարան, հայտնել կատարված դեպքի մասին, գյուղապետին խնդրել, որ այդ մասին անմիջապես հայտնի Գուգարքի ոստիկանությանը: Գյուղապետը տեղեկացրել է, որ այդ պահին գյուղապետարանում է գտնվում թաղային տեսուչը, որին էլ հայտնել է կատարվածի մասին:
Քիչ անց Վալոդ Խառատյանը հարևանի տնից գնացել է իր տուն, թաղային տեսուչը եկել է նրա տուն: Քանի որ Վալոդ Խառատյանի վիճակը վնասվածքների պատճառով ծանր է եղել, վերջինս դժվարությամբ է խոսել: Մի քանի գրառումներ անելուց հետո թաղային տեսուչը շտապ օգնություն է կանչել: Շտապ օգնության աշխատակիցները տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել Վալոդ Խառատյանին, սակայն վերջինիս վատ վիճակի պատճառով չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց:
Որոշ ժամանակ անց թաղային տեսուչը վերադարձել է երեք անձանց հետ, որոնցից երկուսը արական սեռի են եղել, իսկ մեկը` իգական: Վերջիններս Վալոդ Խառատյանից բացատրություն են վերցրել ու հեռացել: Հաջորդ օրը Վալոդ Խառատյանն անձամբ ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժանմունք, որտեղ ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել են, որ գործը հանձնվել է քննչական բաժնին:
Գուգարքի քննչական բաժանմունքի ավագ քննիչներից մեկը` Գուրգեն անունով, Վալոդ Խառատյանին սպառնացել է, որ եթե վերջինս կատարված դեպքի առիթով բողոք ներկայացնի, նրան կբանտարկեն: Նույն Գուրգեն անունով քննիչը 2008թ. հուլիսի 17-ին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հիմնավորելով, որ Վալոդ Խառատյանը և Աղվան Մատինյանը հաշտվել են և միմյանցից բողոքներ չունեն: Ըստ Վալոդ Խառատյանի` ինքը հաշտության դիմում չի ներկայացրել:
Կատարվածից հետո Վալոդ Խառատյանի առողջական վիճակը գնալով վատացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն փորձաքննության արդյունքներն այդպես էլ Վալոդ Խառատյանին չեն ներկայացվել:
Փաստական հանգամանքներ
1. 2008թ. մայիսի 18-ին Լոռու մարզի գյուղ Մարգահովիտի բնակիչ Վալոդ Մուկուչի Խառատյանին ծեծի է ենթարկել համագյուղացի Աղվան Մատինյանը, որի արդյունքում Վալոդ Խառատյանի առողջական վիճակը վատթարացել է, սակայն Աղվան Մատինյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ հոդվածները պատասխանատվություն են սահմանում քաղաքացիների նկատմամբ իրականացված նման գործողությունների համար:
2. 2008թ. մայիսի 18-ին Լոռու մարզի գյուղ Մարգահովիտի բնակիչ Վալոդ Խառատյանը դիմել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժանմունք` իրեն ծեծի և բռնության ենթարկելու հիմքով: Գուգարքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Գուրգեն Հարությունյանը սպառնալիքներ և ճնշումներ է գործադրել Վալոդ Խառատյանի նկատմամբ` բռնության մասին բողոք չներկայացնելու համար, ինչի արդյունքում էլ որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Ելնելով վերը շարադրվածից և հիմք ընդունելով Վալոդ Խառատյանի կողմից ներկայացված փաստերը` սույնով դիմում եմ ոստիկանության անգործությունը վերացնելու և Վալոդ Խառատյանի առողջությանը հասցված վնասի հիմքով քրեական գործի հարուցումն ապահովելու համար:
Կից ներկայացնում եմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը:
Հարգանքներով`
կազմակերպության նախագահ Ա. Սաքունց