ՄԱԿ-ի կոմիտեն նշել է Մարտի 1-ը
10:50, August 2, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Զինված ուժեր, ՈստիկանությունՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ օրերս ընդունած հերթական եզարակցությունում անդրադարձել է 2008 թվականի մարտմեկյան իրադարձություններին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, կոմիտեն արձանագրել է՝ Մարտի 1-ի ժամանակ արտակարգ դրություն հայտարարելու պայմանները պարզ չեն: Նշվում է, որ պետությունը պետք է ապահովեր Արտակարգ դրության մասին օրենքի դրույթների համապատասխանեցումը կոմիտեի դաշնագրի 4-րդ հոդվածին: Կոմիտեն նաև գտնում է, որ Մարտի 1-ի իրադարձությունների համակողմանի և ամբողջական քննություն չի իրականացվել:
«Խոսքը ոչ միայն 10 զոհերի սպանությունների հանգամանքների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն է վերաբերում, այլ նաև ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերին: Մասնավորապես պետության առջև հարց է դրվում, որ Մարտի 1-ին ուժի կիրառման համար պատասախանատու իրավապահները և այդպիսի հրաման արձակելու իրավասություն ունեցողները պետք է պատասխանատվության ենթարկվեին»,- նշեց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ բարձրացվում է նաև մարտիմեկյան զոհերին փոխհատուցելու հարցը: Կոմիտեի կողմից տրված հարցերին իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ հիմնավոր պատասխաններ չեն ներկայացնել:
Կոմիտեն իր եզրակացությունում անդրադառնում է նաև ոստիկանական, դատական համակարգերում և զինված ուժերում առկա խնդիրներին: Արձանագրվում է, որ ազատազրկման վայրերում մարդկանց ցուցաբերվում է վատ վերաբերմունք, ինչի ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվում, անկախ բողոքարկման մեխանիզմները չեն գործում: Կոմիտեն առանձին ուշադրություն է դարձրել զինված ուժերում ոչ կանոնդարական հարաբերություններին, սպանությունների դեպքերի ոչ պատշաճ քննությանը: Արձանագրվում է, որ պետությունը պետք է երաշխավորի վատ վերաբերմունքի դեպքերի վերացումը զինված ուժերում, մահվան դեպքերի ամբողջական քննություն իրականացնի, փոխհատուցի տուժածներին:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին մտահոգում են նաև Հայաստանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող սպառնալքիները, առանձին դեպքերում կիրառվող հարձակումները: Նշվում է նաև, որ երկրում չեն հարգվում սեռական փոքրամասնությունների իրավունքները, պայմաններ չեն ստեղծվում, որպեսզի Եհովայի վկաները չհրաժարվեն այլընտրանքային զինծառայությունից, մեծ է կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը: