Մահանալը զինվորի ճակատագի՞րն էր
12:36, December 5, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2011թ. բանակում զինծառայող Հայկ Խաչատրյանի՝ ջրծաղիկից մահվան դեպքի գործով այսօրվա նիստում մեղադրող դատախազը միջնորդեց բավարարել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի դիմումները և նրանց նկատմամբ կիրառել համաներման ակտ, ինչպես նաև՝ կարճել քրեական գործի վարույթը՝ փոփոխելով ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափան միջոցը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին ամբաստանյալները դիմում էին ներկայացրել իրենց նկատմամբ կիրառել համաներման ակտ:
Մինչ այդ, մեղադրող դատախազը, հանդես գալով հայտարարությամբ, նշեց, որ այս գործն արդեն 1,5 տարի է քննվում է, որ դատարանը հնարավորինս ամեն բան արել է՝ ապացուցելու, պարզելու համար արդյոք մահվան ելքով ավարտված երեխայի ճակատագրի համար որևէ մեկի մեղքը կա՞: Ըստ դատախազի՝ դատաքննության երկարաձգվելը պատճառաբանված է և որ դատարանի կողմից հնարավոր և անհնարին ամեն բան արվել է՝ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:
Բժիշկների գործողությունների մեջ պատճառահետևանքային կապ չկա: «Ըստ երևույթին, դա այդ երեխայի ճակատագիրն էր»,- ասաց դատախազը:
Ի դեպ այսօրվա նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը: Նախորդ նիստին դատարանի գործողությունների դեմ բողոքներ հնչեցնելով՝ նրանք լքել էին նիստերի դահլիճը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին: