Մահացած զինծառայողի մայրը խնդրում է գտնել իրական հանցագործին
15:20, July 31, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀուլիսի 30-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է հերթական մահվան դեպքը, որը ըստ նախնական տվյալների որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողը Մանուչար Մանուչարյանն է (ծնված 1993 թ.), որը բնակվել է Վանաձոր քաղաքում:
Մանուչար Մանուչարյանի բնակարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները փորձել են պարզել դեպքի մանրամասները:
Ըստ մոր խոսքերի՝ իրեն հայտնել են, որ որդին իբր եղել է «աղանդավորական» շարժման անդամ, որի պատճառով ինքնասպանություն է գործել: Սակայն մայրը ժխտում է նման տեղեկատվությունը՝ պնդելով, որ իր որդին Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ էր եւ նույնիսկ եկեղեցի գնացել է ոչ այնքան հաճախակի, եւ բացի այդ բավականին զբաղված է եղել:
Հարազատները հայտնել են, որ, իրենք տեղեկություն են ստացել, թե իբր դիակի մոտ հայտնաբերվել է ինչ-որ այրված թուղթ, որը վերստին կապվել է աղանդավորական երեւույթների հետ:
Մոր ասելով՝ իրենց ընտանիքը բազմաթիվ փորձությունների եւ խնդիրների միջով են անցել, եւ վերջերս են խնդիրները լուծվել, եւ հնարավաոր չէր, որ այդ ամենը հաղթահարելուց հետո իր որդին դիմեր այդ քայլին:
Նա որդուն նկարագրել է որպես կյանքով լեցուն, ընկերների շրջապատում հարգանք վայելող եւ սիրված անձնավորություն:
Սրանք այն տեղեկություններն են, որոնք հնարավոր է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին հասկանալ Մանուչարի մոր կցկտուր լացակումած խոսքերից:
Այժմ դիակը տեղափոխվում է Վանաձոր, իսկ առավել ճշգրիտ տեղեկություններ, ըստ Մանուչարի բարեկամուհիներից մեկի՝ կարող են հայտնել վաղը:
Որդու մահվան դեպքի հետ կապված մայրը մտադիր է իր իսկ ձեռքերով վրեժխնդիր լինել այն մարդկանցից, ովքեր իրապես մեղավոր են:
«Երկար ժամանակ է լռել եմ, սակայն այժմ չեմ պատրաստվում լռել: Օգնեք ինձ գտնել հանցագործին» – ողբալով ասում էր Մանուչարի մայրը: