Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն կոչ է անում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին զրկել ՌԴ-ը ձայնի իրավունքից
13:22, April 10, 2014 | Հայտարարություններ, ՍեփականՄայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն կոչ է անում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին զրկել Ռուսաստանի Դաշնությանը ձայնի իրավունքից:
Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն հերթական անգամ իր վրդովմունքն է արտահայտում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականության առնչությամբ: Մոսկվայի սադրանքներին և ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտությանը, ինչը դարձավ հարյուրից ավելի մարդկանց մահվան անմիջական պատճառ, հաջորդեց Ղրիմի ցինիկ բռնակցումը: Այդ անիրավաչափ գործողության օրինականացման անհեռանկար արշավին, ցավոք, միացել են նաև Հայաստանի իշխանությունները` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի բռնի անջատումը դատապարտող բանաձևի դեմ:
Խստիվ դատապարտում ենք պուտինյան վարչակարգի կողմից հարևան պետության արևելյան սահմանների մոտ ուժի գործադրումը, աջակցությունն իր սեփական ժողովրդի կողմից մերժված նախագահ Վիկտոր Յանուկովիչին և այն ուժերին, որոնք փորձում են ապակայունացնել Ուկրաինայում տիրող իրավիճակը նախագահական ընտրությունների նախաշեմին: Երկիրը ժողովրդավարական եվրոպական պետությունների ընտանիքում իր ընտրած ապագայից զրկելու, սեփական կայսերական ամբիցիաները բավարարելու, ետխորհրդային տարածքը կոռուպցիայի և հետադիմական քաղաքականության գերության մեջ պահելու ձգտումով ՌԴ իշխանությունները մարտահրավեր են նետել ձևավորված աշխարհակարգին և իր մասշտաբներով ու անբարոյականության աստիճանով աննախադեպ տեղեկատվական պատերազմ են հայտարարել ողջ քաղաքակիրթ մարդկությանը:
Եվս մեկ անգամ մեր համերաշխությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին իրենց հայրենիքի ազատության և միասնության համար մղվող պայքարում: Մաղթում ենք, որ նրանք հաստատուն և հետևողական լինեն իրենց նորացված պետականությունը կերտելու ճանապարհին: Աջակցում ենք Եվրոպայի Միության և Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների նորմերի խախտման համար, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիայի դեմ իրենց գործընկերների անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերին: Միաժամանակ կոչ ենք անում չսահմանափակվել կիսամիջոցների ձեռնարկման քաղաքականությամբ և սկզբունքորեն ու վճռականորեն հակազդել «Ղրիմի հաջողությունը զարգացնելու», ինչպես նաև եվրաինտեգրման խանգարման և Եվրասիական Միության խթանման նպատակով նախկին խորհրդային պետությունների դեմ գործադրված բռնի միջոցները որպես նոր համաշխարհային իրողությունների ճանաչում պարտադրելու Կրեմլի ցանկացած փորձերին:
Ուկրաինայի շուրջ ծավալված իրադարձություններն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ ՌԴ-ի ղեկավարությունը որևէ խտրություն չի դնում երկրներն ու տարածաշրջաններն իր «ինտեգրման ծրագրում» ներգրավելու միջոցների մեջ: Գործադրելով բոլոր առկա ճնշման լծակները` իր «գործընկերների» ինքնիշխանության սկզբունքի կոպիտ և անքաղաքավարի խախտմամբ պուտինյան վարչակարգը նրանց տանում է դեպի մեկուսացում քաղաքակիրթ համաշխարհային հանրությունից: Դժբախտաբար, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն նվազեցնում «Արևելյան գործընկերության» ծրագրում իր մասնակցության աստիճանը և արդյունքում գործում մի շարք հարցերով իր ազգային շահերին հակառակ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից ի վեր, երբ երկրի նախագահը հայտարարեց Մաքսային Միությանը Հայաստանի միանալու և Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին: Նման գործելաոճի դրսևորումներից էր Ղրիմի հարցով ՀՀ պաշտոնական դիրքորոշումը:
Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն դատապարտում է թերակղզու բռնակցման գնահատումը որպես «ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում», որի մասին նշվել է ՀՀ և ՌԴ նախագահների միջև ս.թ. մարտի 22-ին կայացած հեռախոսազրույցում: Մենք դատապարտում ենք նաև մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկությունը և հավաստում, որ Ղրիմի ինքնավար հանրապետության և Սևաստոպոլի բռնի անջատումը հանդիսանում է իրավական նորմերի և պայմանավորվածությունների, մասնավորապես 1994թ. Բուդապեշտի հուշագրի դրույթների խախտում: Հաստատում ենք նաև, որ Ղրիմի և Սևաստոպոլի հարցով հանրաքվեի անցկացումն ամենևին անհիմն էր քաղաքացիների անվտանգության և իրավունքների խախտման տեսակետից: Ավելին, թերակղզու բնակչության և ժողովրդավարական ինստիտուտների համար վտանգ էր ներկայացնում հենց Ռուսաստանի զանգվածային միջամտությունն ուժային կարույցների ակտիվ ներգրավմամբ: Քաղաքացիների ազատ կամքի դրսևորման առումով քննադատության ենթակա են ինչպես հանրաքվեի անցկացման ամսաթվի հապճեպ որոշումը, քվեաթերթիկներում ընդգրկված հարցերի ձևակերպումը, միջազգային դիտորդների «ներգրավման» միջոցները, այնպես էլ ընտրական հանձնաժողովների ձևավորման, քվեարկության և քվեների հաշվարկի ընթացակարգերը…: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ասել, որ Ղրիմի բռնի անջատումը որևէ կերպ չի առնչվում ազգերի ինքնորոշման սկզբունքին, որի պահպանմամբ պաշտոնական Երևանը փորձում է հիմնավորել իր դիրքորոշումը:
Մեզ համար անտեղի և անընդունելի են այն հայ քաղաքագետների փաստարկները, ովքեր, ՄԱԿ-ում մեր երկրի քվեարկությունը պաշտպանելով, հղում են կատարում Ուկրաինայի կողմից Հայաստանի մոտեցումներին, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցով մոտեցմանը հակասող բանաձևերի նախագծերին աջակցելու նախադեպերը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ պատասխանատու քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե հաշվեհարդարը, այլ ազգային շահը: Սակայն մեր քաղաքական վերնախավի ոչ հեռատես դիրքորոշումը լուրջ վտանգի տակ է դնում Հայաստանի հետագա հարաբերությունները ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ բոլոր երկրների հետ, որոնց հետ մեզ պետք է կապեն ընդհանուր շահերը և արժեքները:
Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքի ձևավորման վրա մեծապես բացասական ազդեցություն են գործում ռուսաստանյան հեռուստաալիքները, նախևառաջ` «Ռոսսիա 1»-ը («Россия 1») և «Առաջին ալիքը»-ը («Первый канал»), որոնք հանրային հեռարձակում են իրականացնում հայկական հաճախականություններով` միջպետական պայմանագրերին համապատասխան: Նշված ԶԼՄ-ներում այլընտրանքային տեսակետների ի սպառ բացակայությունը, ագրեսիան, ապատեղեկատվությունը և անբարեխիղճ քարոզչական հնարքները, որոնք նախատեսված են ատելություն և այլատյացություն սերմանելու համար, թունավորում են մարդկանց գիտակցությունը: Ընդ որում, առաջատար հայկական հեռուստաալիքներով Ուկրաինայի իրադարձությունների մակերեսային և ոչ պատշաճ լուսաբանման պատճառով այդ երկրում տիրող իրավիճակով հետաքրքրվողների զանգվածային լսարանը դառնում է ռուսաստանյան քարոզչության պատանդ: Այս կապակցությամբ ՀՀ իշխանություններից պահանջում ենք արագընթաց կարգով վերանայել ՀՀ օրենսդրությունը խախտող ծրագրեր ունեցող հեռուստաալիքների հեռարձակումը թույլատրող պայմանավորվածությունները:
Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության ձեռնարկված գործողությունները, նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների, այդ թվում` Հայաստանի վրա անընդունելի ճնշման գործադրումը և քաղաքակիրթ աշխարհի բոլոր արժեքների ոտնահարումը ավելի քան բավարար հիմք է ստեղծում ՌԴ նկատմամբ միջազգային կազմակերպությունների կողմից խիստ միջոցների ձեռնարկման համար, որոնց հիմքը կազմում են հետևյալ առաջնահերթությունները` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն:
Վերոնշյալից ելնելով` Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն կոչ է անում ազգային պատվիրակություններին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 7-11-ը ժամանակահատվածում կայանալիք նստաշրջանին քվեարկել այդ կազմակերպությունում ռուսաստանյան պատվիրակությունը ձայնի իրավունքից զրկելու օգտին: