Մանկատան նախկին սանը գողության ու ոստիկանությունում կրած ստորացումների մասին
06:07, February 1, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԼոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռով Վանաձորի մանկատնից 2011 թվականին գողություն կատարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարված մանկատան նախկին սան Ռոման Կուդաշինը, անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցների հրաապարակումներին, իր պատմությունն է ներկայացնում դեպքի հետ կապված
«Մարտի յոթին` առավոտյան ժամը 8-ին, մեր տուն եկան ոստիկանության աշխատակիցները ու առանց բացատրելու` ինչ է եղել, ինձ տարան ոստիկանության բաժին: Հետաքրքրվեցի` ինչ է եղել, պատասխանեցին, թե տեղում կիմանաս: Ոստիկանության Վանաձորի բաժնում տեղեկացա, որ գողություն է տեղի ունեցել մանկատնից, իմ անունն էլ են տալիս»,-Aravot.am-ի հետ զրույցում հիշում է նա:
Նրա պատմելով`ամեն ինչից անտեղյակ` փաստաբան է պահանջել, սակայն, նրան ոչ միայն զրկել են փաստաբանի ծառայություններից, այլ նաեւ արգելել են բնական կարիքները հոգալ ու անգամ հեռախոսազրույց ունենալ: «Եվ դա այն դեպքում, երբ ես ընդամենը կասկածյալ էի, դեռ ոչ մի մեղադրանք չկար»:
Նա պատմում է, որ առավոտյան ժամը 8-ից մինչ ցերեկվա 4-ը հրաժարվել է ոստիկանների պահանջած սցենարով բացատրությունը գրել, սակայն, մահացած ծնողներին հայհոյելն ու ապտակները, անմարդկային մթնոլորտը նրան վերջիվերջո ստիպել են տեղի տալ: «Ասեցին երդվի սրբություններովդ, որ մեղավոր չես, երդվում էի, հայհոյում էին սրբություններիս` իմ մահացած ծնողներին, ապտակում էին, բայց էնպես էին ապտակում, որ ապացույց չէր լինում, ուռում էր, բայց դեմքիդ ընդհանրապես կապույտ չէր լինում: Վրդովված, որ էդտեղից պրծնեմ, արդեն 4–րդ անգամ գրեցի, արդեն իրենց ուզածով, որ ես թեեւ տեղյակ եմ եղել գողությունից, բայց նախնական համաձայնության չեմ եկել, գողության մասին ոչ պայմանավորվել եմ, ոչ մասնակցել եմ: Էդպես ասեցին, որ Արթուրի ասածների հետ համընկնի: Իրանք այնպես էին ուզում անել, որ այդ գործը մտնի դատարան ու մտավ: Գրելուց հետո անձնագիրս վերցրին ու ստորագրությամբ բաց թողեցին»,-հիշում է մանկատան նախկին սանը:
Նա ասում է, որ գողության մեջ մեղադրվող մյուս տղան` Արթուր Կիրակոսյանը, ծեծի ու սպառնալիքների ազդեցության տակ է նախաքննության ընթացքում իր դեմ ցուցմունքներ տվել: «Երբ ոստիկանության բաժնում էի, Արթուրը եկավ, նորմալ մտավ սենյակ, դուրս եկավ կաղալով, ծեծել էին»:
Հետագայում` դատաքնության ժամանակ, ինչպես պատմում է Կուդաշինը, Արթուր Կիրակոսյանը հրաժարվել է իր դեմ տված բոլոր ցուցմունքներից ու հայտարարել, թե գողության հետ Ռոմանը կապ չունի: «Թե տեղանքի զննության վայրում, թե դատարանում Արթուրը հայտարարեց, որ մենակ է գողությունը կատարել, ավելին, ես իր հետ չեմ եղել: Դատարանում Արթուրը հայտարարեց, որ եթե նախանքննության ժամանակ ինքը ճիշտը ասեր, իրեն կսատկացնեին: Նա դատարանում հրաժարվեց մինչ այդ տված բոլոր ցուցմունքներից: Դատարանում ասաց, որ ինքն իրեն այդտեղ անկաշկանդ է զգում, չի վախենում, բացատրեց, որ իմ դեմ ցուցմունքններ տվել է այն պատճառով, որովհետեւ ոստիկանները իրեն ոչ թե ծեծել են, այլ բառացի եմ կրկնում` ասաց` սատկացրել են, մինչեւ հիմա էլ ոտքը կաղում է»:
Ռոման Կուդաշինը բացատրում է, որ ինքը գողություն կատարելու ոչ մի պատճառ չի ունեցել, բանակից զորացրվելուց հետո մինչ օրս էլ աշխատում է: «Փողի կարիք չեմ ունեցել, բանակից հետո մինչ օրս աշխատում եմ, ես միշտ ֆինանսապես ապահովված եմ եղել, ինչ արել եմ, իմ աշխատավարձով եմ արել: Ձեռիս փող ունեցել եմ »:
Լոռու մարզի առաջին ատյանի կայացրած դատական ակտի դեմ 23-ամյա Ռոման Կուդաշինի` վերաքննիչ բողոքը եւս մերժվել է. ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել իր նախորդի կայացրած որոշումը` Ռոման Կուդաշինին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Դատարանը խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
«Առաջին ատյանի դատարանը դատախազի օգտին որոշում կայացրեց, վճռի մեջ էլ արտագրել են նույն բովանդակությունը, ինչը կար մեղադրական եզրակացության մեջ»:
Նա մանրամասնում է, որ դատարանը նման որոշում կայացնելիս հաշվի չի առել իր անմեղությունը հաստատող ոչ մի ապացույց, անգամ հաշվի չի առել իր օգտին վկաների տված ցուցմունքները, Արթուր Կիրակոսյանի հայտարարությունները:
Նա մտադիր է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան, նաեւ ՀՀ նախագահին նամակ ուղարկել, եթե դա էլ չօգնի, արդարությունը վերականգնելու համար հանդես կգա բաց նամակով:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/02/01/156906/